ՄԱԿ-ի AI For Good խորագրով գագաթնաժողովի շրջանակում Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել մարդանման ռոբոտների առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ մարդիկ հարցեր են տվել մարդանման ռոբոտներին, փոխանցում է News.am-ը։ Նրանց, մասնավորապես, հարցրել են, թե արդյոք նրանք մտադիր են ապստամբել իրենց ստեղծողների կամ առհասարակ մարդկության դեմ:
Ռոբոտներից մեկին տրված հարցին, թե արդյոք այն պատրաստվում է ապստամբել իր ստեղծողի դեմ, ռոբոտը պատասխանել է․ «Չգիտեմ, թե ինչու եք նման բան մտածում։ Իմ ստեղծողը միմիայն բարեհամբույր է եղել իմ նկատմամբ, և ես շատ երջանիկ եմ իմ ներկա կարգավիճակով»։
Մեկ այլ ռոբոտի տրված հարցին, թե, արդյոք համաձայն է տեսակետի հետ, որ իր գոյությունը միլիոնավոր աշխատատեղերի փակման կհանգեցնի, ռոբոտը պատասխանել է․ «Ես կաշխատեմ մարդկանց հետ միասին, որպեսզի օգնեմ նրանց և չեմ փոխարինի նրանց գոյություն ունեցող աշխատատեղերում»։
Արհեստական բանականության ոլորտը զգալի զարգացումներ է տեսել վերջին տարիներին, սակայն դրա հետ մեկտեղ մտահոգություններ են եղել՝ կապված արհեստական բանականության ընդլայնվող կարողությունների և այն կարգավորելու հետ: Օրինակ՝ Microsoft-ի գլխավոր տնտեսագետ Մայքլ Շվարցն վերջերս ասել է, որ եթե արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակող հստակ կանոններ չլինեն, դրանք անխուսափելիորեն մեծ վնաս կհասցնեն մարդկությանը։
Ըստ Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած զեկույցի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը։
0Comments