Գյումրի ոստիկանական ուժեր են տեղափոխում․ Ռուսական 102-րդ ռազմաբազան շրջափակելու շուրջ սկանդալ է սպասվո՞ւմ

Մանրամասներ

1

Առավոտ-ը գրում է։ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։

Նպատակն է, ըստ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի տարածած հայտարարության, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

Գյումրեցի ընդդիմադիր գործիչները սակայն դեմ են Ազգային- Ժողովրդավարական Բևեռի այս նախաձեռնությանը։

Ընթերցելով գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ պիտի ենթադրել, որ վաղվա հավաքն անխափան չի ընթանալու, քանի որ փորձելու են չթույլատրել ռազմաբազայի երկու մուտքերի շրջափակումը։

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Չնայած ռուսների գործողություններից առանձնապես շատ ոգևորված չեմ, բայց այս օրերին 102 բազայի մուտքերը շրջափակելը նույնն է, ինչ ապրիլյան քառօրյայից հետո ՊՊԾ գնդի գրավումն, այսինքն՝ հարված ժողովրդի թիկունքից, հերթական ահաբեկչական ակտ։

16-ին ՊՊԾ գնդի գրավումով ճանապարհ հարթվեց նիկոլիզմին, որի արդյունքում կորցրինք Հայրենիք, հազարավոր կյանքեր։

Իսկ այսօր, եթե թույլ տանք, որ իրագործվի հերթական ակտը բազայի նկատմամբ՝ ամբողջովին կբացվի ճանապարհը թուրքական զորախմբի…

Հետևաբար, վաղն ոչ մի կերպ պետք չէ թույլ տալ, որպեսզի նիկոլիզմի (թուրքականության) երկրորդ էշելոնը մտնի Գյումրի և շրջափակի բազայի մուտքերը»։

Ազգային- Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնությանն արձագանքել է նաև Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ գրելով․ «Ռուսական 102-րդ ռազմաբազայի մուտքերի շրջափակման փորձը նշանակում է ջուր լցնել ադրբեջանաթուրքական ջրաղացին։

Այս փուլում, երբ Արցախում 120.000 մեր հայրենակիցները գտնվում եմ շրջափակման մեջ, յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է առավել բարդացնել իրավիճակը։ Առանց այն էլ Հայաստանի իշխանությունների անհեռատես ու վտանգավոր գործողությունների արդյունքում՝ վերջին տարիներին խարխլվել են մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։

Ներկայումս մեր հարաբերությունների սրումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեզ համար։ Պետք է դուրս գալ էմոցիոնալ ֆոնից և գործել առավելապես հավասարակշռված ու զգույշ։ Վստահ եմ Գյումրին չի կանգնի այս արկածախնդրության կողքին։ Մենք պարտավոր ենք գործել բացառապես ի շահ Հայաստանի և Արցախի»։

Մեր տեղեկություններով, հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Գյումրիում ուժեղ հսկողություն է նախատեսվում, ոստիկանական ուժեր են տեղափոխում քաղաք։