Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» եվրոպական երգի մրցույթը: Ազգային ժյուրիի և ժողովրդի համատեղ քվեարկության արդյունքում մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ ստանալով ընդհանուր 203 միավոր:
Մրցույթից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի պատվիրակը խոստովանեց, որ չափազանց շատ է սիրել Հայաստանը, պաշտում է հայկական լավաշն ու անպատմելի զգացողություններ ունի հաղթանակի հետ կապված:
«Շատ ուրախ եմ, շնորհակալություն իմ ընտանիքին, իմ ընկերներին, մարդկանց, որ հավատացին ին, իմ պարային խմբին: Չգիտեի, որ կհաղթեմ։ Սա ինձ համար պատիվ է, ես իհարկե ուզում էի հաղթել, բայց երբ իմացա այդ մասին, միայն կրկնում էի օ Աստված իմ»,-ասաց փոքրիկ երգիչը:
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց Լիսանդրոյին հաղթանակի կապակցությամբ, հիշեցրեց որ մենք ֆրանսիայում հաղթեցինք և հիմա հաղթանակը վերադարձնում ենք Ֆրանսիային
Մովսիսյանի խոսքով՝ Հայաստանը կարողացավ ապացուցել, որ Երևանը պատրաստ է կազմակերպել նման միջոցառում:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը ևս շնորհավորեց Ֆրանսիայի պատվիրակին անհավանական հաղթանակի համար և հավելեց, որ այս տարին շատ բարդ տարի է եղել ու հիմա ինքը հանգիստ ու երջանիկ է, քանի որ շոուն հիանալի անցավ:
Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով բարձրակարգ կազմակերպված շոուի և հաղթանակի համար, հիշեցրեց, թե որքան խոր հիմքեր ունի հայ-ֆրանսիական բարեկամությունը ու որքան կարևոր էր հաղթանակը ՀՀ հողի վրա:
Լիսանդրոն, ամփոփելով իր հաղթական զգացողությունները, նշեց.
«Ես ասել էի որ Հայաստանից հետս լավաշ եմ տանելու ու հաղթանակը, հիմա կրկնում եմ՝ տանելու եմ շատ-շատ լավաշ, բայց ավելի երջանկությամբ տանելու եմ իմ հաղթանակը: Գլուխս պայթում է երջանկությունից, անպատմելի զգացողություններ ունեմ, սա իմ Սուրբ Ծննդյան լավագույն նվերն է»:
Եվրոպական հեղինակավոր այս իրադարձությունը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շքեղ բեմում:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:
Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն էր:
Մասնակից երկրներն էին՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
0Comments