ԱԱ 2022․ B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը

Մանրամասներ

1

Ֆուտբոլին հետևող յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ լսել է՝ «ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից» արտահայտությունը։ Համաձայնե՛ք, առաջին հայացքից տպավորիչ խոսք է թվում, բայց, ավաղ, միայն առաջին հայացքից։

Ֆուտբոլային երկրպագուները լավ տեղեկացված են, որ հենց քաղաքական իրավիճակներով պայմանավորված, մի շարք երկրների թիմերին ու հավաքականներին խոշոր մրցաշարերի վիճակահանություններից առաջ բաժանում են։ Հայաստանը և Ադրբեջանը, Ռուսաստանը և Ուկրաինան, Սերբիան ու Բոսնիա և Հերցեգովինան Կոսովոյի հետ․․․

Եթե արդեն հարց է առաջացել, թե ինչ կապ կա այս հոդվածի, վերնագրի և նախաբանի միջև, ապա ժամանակն է անդրադառնալ ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության B խմբին, որը նույնիսկ կարելի է անվանել «քաղաքական»։

ԱԱ 2022, B խումբ

Անգլիա

ԱՄՆ

Իրան

Ուելս

Խմբի խաղացանկը՝ 

1-ին տուր

Նոյեմբերի 21, Անգլիա – Իրան, 17։00

Նոյեմբերի 21, ԱՄՆ – Ուելս, 23։00

2-րդ տուր

Նոյեմբերի 25, Ուելս – Իրան, 14։00

Նոյեմբերի 25, Անգլիա – ԱՄՆ, 23։00

3-րդ տուր

Նոյեմբերի 29, Իրան – ԱՄՆ, 23։00

Նոյեմբերի 29, Ուելս – Անգլիա, 23։00

Զուտ ֆուտբոլային առումով այս խմբում ինտրիգները քիչ են։ Անգլիան բացահայտ ֆավորիտ է։ Երկրորդ տեղի համար էլ պայքարում ԱՄՆ-ն մի փոքր առավելություն ունի` հաշվի առնելով երիտասարդ կազմն ու տաղանդավոր սերունդը։ Ուելսը կռիվ կտա, իսկ Իրանի հավաքականից շատ բան սպասել պետք չէ։

Առավել հետաքրքիր է այս խմբի վերջին տուրը։ Վերադառնանք քաղաքական նրբերանգներին։

Իրանի և ԱՄՆ-ի կոնֆլիկտի պատմությունը

Հեռավոր կամ գուցե ոչ այդքան, 1979 թվականի նոյեմբերի 4-ին, Իրանում իսլամական հեղափոխության արդյունքում վրդովված ամբոխը գրավել է Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը և պատանդ վերցրել 52 աշխատակցի։ Նրանք պատանդի կարգավիճակում են մնացել 2 տարի՝ մինչև 1981 թվականը։

Այս դեպքերի վերաբերյալ նկարահանվել է հայտնի «Օպերացիա Արգո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքն է։

ԱՄՆ-ն, բնականաբար, խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ և տնտեսական պատժամիջոցներ սահմանել։

Ճակատագրի հեգնանքով, 1998 աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականները հայտնվեցին նույն խմբում (Գերմանիայի ու Հարավսլավիայի հետ)։

ԱԱ 1998-ի առաջին տուրում Իրանի հավաքականը զիջեց Հարավսլավիային (0:1), ԱՄՆ-ն՝ պարտվեց Գերմանիային (0:2): Երկրորդ տուրում Լիոնի «Ժերլան» մարզադաշտում հանդիպեցին սկզբունքային մրցակիցները։

Իրանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին 2։1 հաշվով։ Այդ խաղը պատմական էր նրանով, որ առաջին հաղթանակն էր Իրանի հավաքականի համար աշխարհի առաջնություններում։ Վերջին տուրում իրանցիները պարտվեցին Գերմանիային 0։2 հաշվով և դուրս չեկան խմբից, բայց, գուցե դա այդքան էլ էական չէր, քանի որ նրանք իրենց կյանքի ամենակարևոր խաղն արդեն հաղթել էին։

Պատմությունը երբեք չի մոռացվում։ Շատերը կարծում էին, որ այդ խաղը կդառնա երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման խթան, բայց․․․ Երկարատև բանակցություններն  ու իրավիճակը լիցքաթափելու իրական քայլերն ավարտվեցին նրանով, որ ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը 2002 թվականին Իրանը հայտարարեց չարիքի առանցք։

Այնուամենայնիվ, 1998 թվականին կայացած Իրան-ԱՄՆ հանդիպումը հիշվում է նրանով, որ ֆուտբոլային դաշտում հակամարտող երկրները փորձեցին համերաշխության փորձ կատարել։

Կանոնակարգի համաձայն, խաղի մեկնարկից առաջ՝ օրհներգերից հետո, նոմինալ հյուրերը պետք է մոտենան մրցակից թիմին ձեռքսեղմում կատարելու համար։ Այս դեպքում նոմինալ հյուր էին համարվում իրանցիները։ Բնականաբար, հավաքականում բոլորն էլ հասկանում էին, որ դա անելն անհնար է։ Երկրում պարզապես նրանց չեն հասկանա։ ԱՄՆ-ի հավաքականը, կարելի է ասել, մտավ մրցակցի դրության մեջ, և արեց առաջին քայլը։ Իսկ Իրանի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ վարդերի փունջ նվիրեցին մրցակցին (այն Իրանում համարվում է խաղաղության խորհրդանիշ)։ Երկու հավաքականների ֆուտբոլիստները նաև համատեղ լուսանկար ունեն։

Ի՞նչ սպասել ԱԱ 2022-ում Իրանի և ԱՄՆ-ի հանդիպումից

Այս անգամ, դժվար թե իրանցիները կարողանան հաղթանակ տանել։ ԱՄՆ-ի հավաքականն իսկապես լավ սերունդ ունի և լավ կազմով է մոտենում այս Մունդիալին: Տիմոթի Վեա, Քրիստիան Պուլիշիչ, Ջիովանի Ռեյնա, Ուեսթոն Մաքքենի, Սերժինյո Դեստ․․․ այս ֆուտբոլիստներն ԱՄՆ-ի հավաքականի ամենավառ խաղացողներն են։

Իրանի հավաքականի գլխավոր աստղը Սերդար Ազմունն է, որը երկար տարիներ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալուց հետո տեղափոխվել է Գերմանիա։ 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով Լևերկուզենի «Բայերի» կազմում ընթացիկ մրցաշրջանում որևէ խաղի չի մասնակցել։ Հայտնի չէ՝ արդյոք նա կընդգրկվի Իրանի հավաքականի հայտացուցակում։

Ի՞նչ սպասել B խմբից

Անգլիայի ազգային հավաքականը խմբի ֆավորիտն է։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը ԵՎՐՈ 2020-ի ժամանակ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Իտալիային։

Անգլիայի հավաքականում երիտասարդների ու արդեն փորձառու խաղացողների լավ բալանս կա։ Սաութգեյթի թիմն իսկապես կարող է բավականին առաջ գնալ և, ինչպես ասում են, նույնիսկ «իր գլխից բարձր ցատկել»։

Միհրան Ալեքսանյան, armsport.am