Նրան կալանավորելու իմաստը չեմ հասկանում․ Ռուբեն Վարդազարյան

Մանրամասներ
ա

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ դատարանը նախ բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը, ապա՝ նույն գործով ձերբակալված փաստաբան, դատավորի ուսանողական ընկեր Էրիկ Ալեքսանյանի կալանավորման միջնորդությունը։

Նշենք, որ, ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետեւանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն օժանդակելու համար: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները սա համարում են Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում, սակայն նույն գործով կալանավորված Արուսյակ Ալեքսանյանի մասով որեւէ նման գնահատական դեռ չի հնչել։ Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խոսելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման մասին, ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ, ուստի, որպես իրավաբան, չի կարող կարծիք հայտնել՝ օրինակա՞ն է դատավորի կալանավորումը, թե՞ ոչ։ Փոխարենը կարող է կարծիք հայտնել որպես հայ մարդ․ «Պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով հարուցել են՝ շատ լավ է: Կալանքն ինչո՞վ է պայմանավորված, այսինքն՝ պիտի փախչե՞ր, խոչընդոտե՞ր, իմաստը ո՞րն է կալանավորելու, դա չեմ հասկանում։ Քրեական գործի հարուցումը, կարծում եմ, իրավաչափ է, թող հարուցեն, քննեն, կհիմնավորվի՝ կդատեն, չի հիմնավորվի՝ կարդարացնեն։ Էստեղ խնդիր չեմ տեսնում։ Կալանքի տանելու իմաստը չեմ տեսնում, նպատակը չեմ տեսնում»։

Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին էլ Վարդազարյանն ասաց․ «Ինչ վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելուն, ես ընդհանրապես նման մեղադրանք չեմ պատկերացնում։ Ասում եմ՝ նյութերին ծանոթ չեմ, իմ ասածները բոլորը սիրողական մակարդակի են»։

Վարդազարյանին հիշեցրինք՝ այս օրերին շատերը հիշում են, որ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, ով կալանքի բազմաթիվ որոշումներ է կայացրել, այդ թվում` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ, ով դատարանում հանկարծամահ եղավ, ընդդիմադիր այլ գործիչների նկատմամբ՝ Նարեկ Մանթաշյան, Միկա Բադալյան, Մամիկոն Ասլանյան եւ այլք։ Այսինքն՝ Արուսյակին մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Ու հիմա ասում են՝ սա իր պատիժն էր, որ իր կոլեգաներն էլ հիմա իր նկատմամբ են կալանքի որոշում կայացնում։
Վարդազարյանն այս հարցին անդրադարձավ զուտ բարոյական տեսանկյունից․ «Առաջին հայացքից պետք է ասել՝ տեսնո՞ւմ ես, աղջիկ ջան, ոնց է լինում, որ կալանքները պատվերով են լինում, երբ աչքերդ փակ, առանց մտածելու պատվեր ես կատարում։ Հիմա ինքն իր մաշկի վրա է դա զգում»։

Մանրամասները՝ «Հրապարակ»–ում։