Սամվել Վարդանյանին խnշտանգել են վախի մթնոլորտ ստեղծելու համար, որ որևէ անձ այլևս հանրային վայրում քննադատական խոսք չասի քաղաքական թիմի անդամներին․ փաստաբան

Մանրամասներ
Հովհաննես Խուդոյան

Ոստիկաններն են օգնել, որ Սամվել Վարդանյանին ծեծեն, ձևական հեռացել են մեքենայից շղթայակապված անձին թողել են անօգնական վիճակում։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Այստեղ 2-րդ կարծիք չի կարող լինել քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել։ Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավվում է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը կտեսնենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելու, որ որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատության կամ որևէ տեսակի դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների մոտ»,- ասաց նա։

Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակից եղել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։

Հիշեցնենք, որ նախօրեին հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածում է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։

Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ նրա փաստաբանները տեղեկություն են հրապարակել, թե Սամվել Վարդանյանին երեկ ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար խոշտանգել են։