Երևանում բերման է ենթարկվել «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականունով հայտնի Յուրի Մ․-ն

Մանրամասներ
Կիևյանցի կրիստալ Յուրա

Հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալում են նրան ու տեղափոխում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվում է «մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լինում 5 փամփուշտներով։

Հայտնաբերվում է մի քանի հատ պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ, որում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Հայտնաբերվում է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։ 

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն իր շրջապատում հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և այսօր՝ հունվարի 14-ին, նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Արաբկիրի քննչական բաժին։