2022 թվականի սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», որոշումն ընդունվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ:
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվող հավաքներին կմասնակցի 318 քաղաքացի, որոնցից 210-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 10-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 98-ը` սպայական կազմից։
Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի՝ նոյեմբերի 14-23-ը։ Կապի մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն 71 պահեստազորայիններ, որոնցից 66-ը հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը՝ սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով՝ մինչև 17 պահեստազորային հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը։
Թիկունքային մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն մինչև 44 պահեստազորային՝ հոկտեմբերի 1-7-ը, իսկ տեղագրական մասնագիտություններով՝ մինչև 14 պահեստազորային՝ նոյեմբերի 21-30-ը ներառյալ:
Վարժական հավաքներին ներգրավվելու են նաև մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորայիններ, որոնցից 9-ը՝ սեպտեմբերի 22-28-ը, 18-ը՝ հոկտեմբերի 1-7-ը, 34-ը՝ նոյեմբերի 8-17-ը, 18-ը՝ նոյեմբերի 15-24-ը։
Վարժանքներին կմասնակցեն նաև անօդաչու թռչող սարքերի գծով մասնագիտություն ունեցող պահեստազորայինները՝ թվով 40 հոգի՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը։
Վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:
0Comments