Պուտինը վատ էր հաշվարկել․ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ
ա

ՆԱՏՕ-ի երկրները կարող են տարիներ շարունակ աջակցել Ուկրաինային ռուսական ռազմական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս մասին ZDF-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Պուտինը վատ էր հաշվարկել՝ հույս ունենալով մի քանի օրում հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Արդեն կես տարի է՝ պատերազմ է ընթանում, Ռուսաստանը մեծ կորուստներ է կրել՝ Ուկրաինան կարողացել է հակահարված տալ և վերադարձնել Կիևի եւ Խարկովի շրջանները, ինչպես նաև կանգնեցնել հարձակումը Դոնբասում: Բայց պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են: Մենք կարողացանք շատ ճշգրիտ կանխատեսել ռուսական ներխուժումը: Այս մասին նախազգուշացրել ենք անցյալ աշնանը, բայց թե ինչպես կընթանա պատերազմը, անկանխատեսելի է»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ արեւմտյան երկրների խնդիրն է «առավելագույնի հասցնել Ուկրաինայի տեսանկյունից պատերազմի ընդունելի ելքի հավանականությունը»։ «Այն, ինչ մենք կարող ենք անել, Ուկրաինային ռազմական, ֆինանսական, հումանիտար և տնտեսական աջակցություն տրամադրելն է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ ինչպես Կիեւի հետ համերաշխության, այնպես էլ սեփական շահերը պաշտպանելու առումով։ Ի վերջո, պետությունները չեն կարող պարզապես ներխուժել իրենց հարեւանների տարածք, և եթե դա թույլ տրվի, ապա աշխարհում կաճի ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ պատերազմի և ագրեսիայի ռիսկը։

«Մենք՝ որպես ՆԱՏՕ, ունենք երկու դեր՝ մենք պետք է աջակցենք Ուկրաինային՝ մերձավոր գործընկերոջը: Մյուս խնդիրն է կանխել պատերազմի սրումը: Մենք դա անում ենք Ռուսաստանին հստակ ուղերձ հղելով: Հավաքական պաշտպանության մեր հանձնառությունը 5-րդ հոդվածով անհերքելի է», ասել է Ստոլտենբերգը։