Խոնարհ փառասիրություններ

Քո կարողության չափով ծառայութուն մատուցիր, թող այդ լինի օրվա մեջ քո փնտրածը և ոչ թե՝ ուրիշներից ծառայություն ընդունելը


Հունվարի 29

Մի վախենա, մի վախենա զբաղված լինելուց. դու ամենքի ծառան ես: «Նա, ով կամենում է մեծ լինել ձեր մեջ, ամենքի ծառան թող լինի»: Ծառայությունը Իմ աշակերտների բառն է: Ես, իսկապես, ծառայեցի խոնարհներին ու նվաստներին. Ես նրանց հրամանի տակ էի: Իմ բացարձակ կարողությունները Ես ի գործ դրեցի՝ նրանց ծառայելու համար:

Գործածվիր, գործածվիր բոլորից. ամենափոքրերի, անգամ ամենանվաստի կողմից: Քո կարողության չափով ծառայութուն մատուցիր: Թող այդ լինի օրվա մեջ քո փնտրածը և ոչ թե՝ ուրիշներից ծառայություն ընդունելը:

Ճիշտ է, որ մարդկանց մտածումները Աստծո Մտածումները չեն, ոչ էլ մարդկանց ճանապարհներն են Աստծո ճանապարհները: Երբ կամենում ես ամեն ինչում Ինձ հետևել, ապա շատ հաճախ ամբողջովին փոփոխության են ենթարկվում աշխարհային քո ճանապարհները, որոնցով գնում էիր մինչ այդ: Այս մի փոփոխություն է, որ տանում է անսահման երջանկության ու խաղաղության:

Շուրջդ նայիր. կարդա, թե ինչ են գրում: Ինչպե՞ս է քեզ երևում: Մեծ նպատակներն ու փառքը, որոնց ձգտում է մարդը, կամ աշխարհի խոստացած պարգևները բերու՞մ են, արդյոք, մարդու սրտին խաղաղություն ու երջանկություն: Ոչ, երբեք, որովհետև մարդը մարդու հետ տևական հակառակության ու կռվի մեջ է: Նրանց, ում աշխարհը ամենից շատ վարձատրեց անունով, փառքով, հարստությամբ, ուրիշներից շատ ավելի հոգնած ու հուսախաբ են: Սակայն ունկնդրող ականջի համար, անախորժ ձայների խառնակ կանչերից վեր, հնչում է արձագանքը 1900 տարիների հեռվից եկող Իմ Պատգամի. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու ծանրաբեռնվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:

Եվ բոլոր հոգնածներն ու ծանրաբեռնվածները, ովքեր կլսեն ու կդառնան Ինձ, իսկապես հանգիստ պիտի գտնեն: Ես հոգնածի Ուրախությունն եմ, նրա սրտի երգն եմ Ես, Առողջությունը՝ հիվանդի, Հարստությունը՝ աղքատի, կերակուրը՝ սովածի: Ես Տունն եմ թափառականի, Ուրախությունը՝ հուսաբեկի և Սերը՝ միայնակի:

Չկա հոգու մի որևէ կարիք, որ պահանջելու դեպքում չկարողանամ բավարարել: Իսկ ձեզ ցանկանում եմ ամեն ինչ տալ: