Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է մեկ անձ

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձերբալալվածը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ եւ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։

 

Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

 

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցների շրջանակը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մասնակիցներից մեկի մասնակցությամբ ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: