ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվում են կոնկրետ գաղափարներ:
«Դավոսը լավ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները բիզնես ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են, տարբեր քննարկումներ են անցկացնում: Ես հանդիպել եմ Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ: Հանդիպումներ եմ ունեցել եվրոպական և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Ես այնտեղից բերել եմ կոնկրետ գաղափարներ, որոնք հետագա քննարկումների կարիք ունեն: Մասնավորապես, կա գաղափար՝ կապված Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու հետ: Քանի որ «Մարիոթ»-ի քաղաքականությունն այնպիսի է, որ նրանք չեն կառուցում և չեն գնում անշարժ գույք, այլ վարձակալում են տարածք, հետևաբար այդ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գտնել ներդրող, ով կհամաձայնի կառուցել շենք, նախագիծը կհամաձայնեցնի «Մարիոթ»-ի հետ, որին էլ հետագայում տարածքը կտա վարձակալության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ կոնկրետ գաղափարներ քննարկվել են նաև ռուս գործարարների հետ: Մասնավորապես, ՎՏԲ բանկի (Թեղուտի հանքավայրի կառավարումը 2018թ. ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց) հետ քննարկվել է Թեղուտի հանքը շահագործելու հարցը, որպեսզի ներգրավեն նոր պրոֆեսիոնալ օպերատորի: Վարչապետ Փաշինյանն առանձնացրեց «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի քննարկումները: Նա նշեց, որ այստեղ նույնպես կան մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք քննարկվում են:
«Ներկայում Հայաստանի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն կա, և մենք հույս ունենք, որ դա կբերի նոր ներդրումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22- 25-ը եղել է Դավոսում, մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, թեմատիկ քննարկումներից մեկում հանդես է եկել որպես բանախոս:
0Comments