Ուկրաինան Ռուսաստանի տարածքներին նոր հարվածներ է հասցրել

Մանրամասներ

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է պայթյունի փաստը ՌԴ ՊՆ-ի օբյեկտում։ Վերջին օրերին Ուկրաինային սահմանակից Բելգորոդի ու Բրյանսկի մարզերում հաճախացել են ռազմական օբյեկտների ու վառելիքի պահեստների պայթյուններն ու հրդեհները։ Այս օբյեկտներից է տեղի ունենում Ուկրաինա ներխուժած ռուսական զորքի մատակարարումը։

Միեւնույն ժամանակ, շարքից հանվում են հաղորդակցությունները․ այսօր ՌԴ Կուրսկի մարզում վնասվել է երկաթուղու մի հատված, որով բեռնատար գնացք պետք է ուղղվեր Ուկրաինայի օկուպացված շրջաններ։

Այսօր ուկրաինական զորքերը գնդակոծել են ռուսական բանակի կողմից պատերազմի առաջին օրերին օկուպացված Զմեինի կղզին, շարքից հանելով ռուսական կապի եւ զենիթահրթիռային համակարգերը։

Ուկրաինան Արեւմուտքից սկսել է ստանալ մեծ քանակության ճշգրիտ ու հեռահար բարձրտեխնոլոգիական զենքեր, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել հարվածների աշխարհագրությունը եւ հարվածներ հասցնել այդ թվում ՌԴ զորքի լոգիստիկ շղթային։ Պաշտոնական Կիեւը սակայն չի մեկնաբանում ՌԴ տարածքին հարվածները, ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը՝ Կիեւն այդ հարցերում պահպանում է «ռազմավարական երկիմաստությունը»։