
Սյունիքում մի շարք հանդիպումներ եմ ունեցել, եւ Գորիսում, եւ Կապանում, եւ սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքում եւ կարող եմ ասել, որ խնդիրները բազմաթիվ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Եթե փորձենք դրանք դասակարգել, առաջնայինը անվտանգային եւ ապահով միջավայր ունենալու կյանքի իրավունքն իրացնելու խնդիրներն են: Սա շատ ավելի սուր է, երբ խոսում ենք սահմանամերձ համայնքներում մարդկանց բնականոն կյանքի մասին: Մյուս շերտ խնդիրները հիմնականում տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի պայմանների, ինտեգրման, աշխատանքի, կրթության իրվունքի, սեփականության իրվունքի վերականգնման հարցերն են եւ բնականաբար, ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել այցելելու զորամասեր, բայց ռազմական հոսպիտալ եմ այցելել: Պաշտպանին առընթեր խորհրդի նիստ ենք արել, որտեղ բարձրացրել ենք այն սիստեմիկ խախտումների խնդիրները, վտանգները, որոնք Պաշտպանը տարեկան եւ արտահերթ զեկույցներով բարձրացրել է:
Պայմանավորվել ենք իրավասու մարմինների ու քաղհասարակության հետ, որ ԶՈՒ-ում մարդու իրվունքների պաշտպանության խորհրդի աշխատանքները պետք է ակտիվացնել»,-ասաց նա:
Անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ներկայացրած արտահերթ զեկույցին, որն անդրադառնում է ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքին, Քրիստիննե Գրիգորյանն ասաց. «Այդ զեկույցը ուղղակիորեն փաստերի ներկայացում էր՝ նկարներով, տեսագրություններով, որոնք շոկային էին: 21-րդ դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ անմարդկային վերաբերմունք կարելիէ դրսեւորել պատերազմի մասնակիցների, զինվորների, քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ փաստերն արձանագրված են նաեւ գերությունից վերադարձած մեր տղաների հետ Պաշտպանի հաստատության ունեցած զրույցների արդյունքներով: : ՄԻՊ-ը առանձին զեկույց է հրապարակել այս մասով: Օրերս ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում ներկայացրել եմ նաեւ այդ զեկույցի հետեւությունները: Եվս մեն անգամ շեշտել եմ, որ ՄԻՊ-ի հավաքագրած տվյալները, նաեւ վերջին 2-3 ամիսներին Արցախի բնակչության նկատմամբ ճնշումներով, կրակոցներով, նաեւ զոհերով, սրանք ուղղակիորեն էթնիկ եւ կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը Ադրբեջանի պետության կողմից հովանավորվում է, իրականացվում է եւ դրանց նպատակը ուղղակիորեն Արցախի հայաթափումն է»:
0Comments