Հռոմի պապն ինչպես միշտ ներգաղթյալների կողքին է

Գաղթականների ընտանիքում ծնված լինելով՝ նա լավ է հասկանում ներգաղթյալների խնդիրները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը շրջագայում է Կենտրոնական Ամերիկայով, անդրադարձել է այդ տարածաշրջանի համար ամենացավոտ թեմաներից մեկին՝ նշելով, որ «ներգաղթյալների նկատմամբ տածած վախը մարդկանց խենթացրել է»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Իտալիայից Արգենտինա տեղափոխված գաղթականների ընտանիքում ծնված հոգևորականը Հռոմի պապի պաշտոնում ընտրվելուց ի վեր բազմիցս ելույթներ է ունեցել ի շահ ներգաղթյալների:
Պանամայի արքեպիսկոպոսը (Հռոմի պապն այժմ Պանամայում է), մեկնաբանելով հովվապետի հայտարարությունը, նշել է, որ դա ուղղված է այն լատինամերիկացիներին, որոնք իրենց ապագան կապում են միայն ԱՄՆ արտագաղթելու հետ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ պոնտիֆիկոսը մեկնաբանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին ներգաղթյալների ներհոսքը դադարեցնող պատի կառուցման ծրագիրը: Նա նշել էր, որ պատի փոխարեն հարկավոր է կամուրջներ կառուցել:
Հռոմի պապը նաև ասել էր, որ ներգաղթյալներին հեռու պահելու նպատակով պատի կառուցման աջակիցները չեն կարող քրիստոնյա համարվել: