Այդ գումարը ստանալուց իմ կյանքում ոչինչ չի փոխվել. Մեսչյանը՝ պարգևավճարի մասին

Էդ գումարը, որ ստացել եմ, գիտեմ ինչ եմ արել, և ես գիշերները հանգիստ քնում եմ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է պարգևավճարներին՝ առանձնացնելով երկար տարիների աշխատակիցներին և կարճ ժամանակ աշխատած պաշտոնյաներին:

«Երբ նշում ենք, որ հասցրել են 42 հազար գործ նայել, դա ֆանտաստիկ բարդ աշխատանք է, և եթե մի օր պտտվեք քաղաքապետարանում,  կտեսնեք, որ քաղաքաշինության վարչությունում աշխատակիցները մինչև երեկոյան ժամը 10–ը աշխատում են։ Եվ եթե հնարավորություն կա 13-րդ աշխատավարձ տալու Նոր տարվա շեմին այդ նվիրյալ աշխատողներին, դրա մեջ ինչ-որ վատ բան կա՞, հատկապես, եթե աշխատավարձերը շատ համեստ են։ Ես կարծում եմ, որ ոչ»,-ասաց նա՝ խոսելով երկար տարիներ աշխատողների մասին:

Ապա նա խոսեց կարճ ժամանակ աշխատած անձանց, այդ թվում՝ իր մասին. «Ես չգիտեմ ինձ ինչքան են փոխանցել քարտի վրա, բայց ես գիտեմ՝ ինչ եմ արել դա: Այս գումարը ոնց եկավ, այնպես էլ գնաց »:

Իսկ, թե ինչ է արել Մեսչյանը չհայտնեց՝ նշելով, որ ինքը զզվում է «բարեգործություն» բառից և չի խոսում դրանից:

Արթուր Մեսչյանը հավաստիացրեց, որ  այդ գումարը ստանալուց իր կյանքում ոչինչ չի փոխվել, ինքն ավելի բարեկեցիկ չի սկսել ապրել. «Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվին, չի նշանակում, որ ես 1 սենյականոցից տեղափոխվել եմ 4 սենյականոց բնակարան, չի նշանակում, որ իմ 1994 թվականի մեքենան դարձավ Mercedes-Benz: Էդ գումարը, որ ստացել եմ, գիտեմ ինչ եմ արել, և ես գիշերները հանգիստ քնում եմ։ Այդ գումարը ոչ մի բարոյական բեռ իմ համար չեղավ»,-եզրափակեց նա: