ՌԴ խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ

1

ՌԴ խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանզի այն, ինչ տեղի է ունենում Ասկերանում, ռուսական խաղաղապահների տիրույթում է, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ կար լարվածություն և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայելային հետ քաշվելու գործընթաց սկսվեր, և դրա զրոյական կետը հենց ՌԴ զինված ուժերի կայանած դիրքերը պետք է լինեին, ինչը և արվել է։

«Եվ հիմա, երբ մենք պարտավորությունները, ըստ պայմանավորվածության, կատարում ենք, ադրբեջանական ուժերը կարողանում են հայտնվել ՌԴ խաղաղապահ դիրքերի թիկունքում և Արցախի Հանրապետության գյուղերից մեկի մատույցներում։ Եվ այդտեղ արդեն խնդիր է առաջանում ազգաբնակչության անվտանգության հետ։ Սա փաստորեն շարունակությունն է լարվածություն ստեղծելու տրամաբանության, որը պետք է կանխվի նաև ուժային միջամտության միջոցով, իսկ ուժային միջամտության իրավասություն այս պահին նաև ունեն ՌԴ խաղաղապահ ուժերը ․․․ նման դեպքերում խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պատասխանատու չէ այդ հատվածի համար, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով․ «Ոչ, որովհետև մենք ունենք Պաշտպանության բանակ, և այս պահին Պաշտպանության բանակն է, ըստ էության, ռազմական միջամտության միջոցով փորձում կանխել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը»։

Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև խախտվել է նաև օդային սահմանը, քանզի կիրառվել են ԱԹՍ–ներ, որի հարվածներից էլ տուժել են հայ զինծառայողները։