1.5-4 ամսվա աշխատողին պարգևավճար տալը ո՞րն է

Ես չեմ կարող ընդունել ու հասկանալ, երբ ասում են, որ 640.000 դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը:

«Ես չեմ կարող ընդունել ու հասկանալ, երբ ասում են, որ 640.000 դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է, հետևաբար, քանի որ օրենքը թույլ է տալիս, կարելի է նույնքան պարգևավճար տալ նրան: Արդար չէ: ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ն իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է, ու դա հենց այնպես չէ: Ցանկացած քայլ, կառավարական որոշում պետք է այդ պրիզմայով անցկացվի:

Արդյոք սոցիալապես արդար է, երբ ունես 50-80.000 դրամ աշխատավարձ ստացող մանկավարժ ու սուրճ խմող մարզպետի տեղակալ, այն էլ՝ 3 օրինակից: Սա խայտառակություն է: Նախկինում ևս բարձրացրել ենք պետական համակարգի ուռճացվածության խնդիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը

Ըստ նրա` նախկինում քաղաքական համաձայնություններ էին կայացնում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ: «Մի՞թե այս յոթ ամսվա ընթացքում չտեսան այս ուռճացվածությունը: Կամ օրենքի խախտումով 1.5-4 ամսվա աշխատողին պարգևավճար տալը ո՞րն է: Երբեմն ասում են, թե՝ բա գիտե՞ք՝ իրենք կոռումպացված չեն: Դա իրենց պարտականությունն է, և ավելին՝ իրենց ընտանիքներին են լավություն անում, քանի որ չեն դատվելու»,- նշեց բանախոսը: