Լոս Անջելեսի ուսուցիչների գործադուլը կդադարեցվի

Նրանք համաձայնության են եկել իշխանությունների հետ

Լոս Անջելեսում ուսուցիչների արհմիությունը, որը կազմակերպել էր քաղաքի միջնակարգ դպրոցների մանկավարժների վերջին 30 տարվա մեջ ամենախոշոր  գործադուլը, երեքշաբթի երեկոյան հաստատել է քաղաքային իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը,- հայտնում է Associated Press-ը:

Արհմիությունը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել այդ համաձայնագրին: Դա նշանակում է, որ մեկ շաբաթից ավել գործադուլ անող ավելի քան 30 հազար ուսուցիչներ կվերադառնան աշխատանքի, նշում է գործակալությունը:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ ուսուցիչների միջին աշխատավարձի բարձրացում 6 տոկոսով, ինչպես նաեւ առաջիկա չորս տարիներին դասարաններում աշակերտների թիվը նվազեցնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում: Los Angeles Times թերթի տվյալներով, 2017-2018 թթ․-ին Կալիֆոռնիա նահանգում դպրոցի ուսուցչի միջին աշխատավարձը հասել է տարեկան 75.000 ԱՄՆ դոլարի:

Հիշեցնենք, որ ուսուցիչները պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, կրճատել աշակերտների թիվը դասարաններում եւ վարձել լրացուցիչ թվով ուսուցիչների եւ գրադարանավարների:

Գործադուլի ընթացքում, սակայն,  դպրոցները հիմնականում շարունակել են աշխատել, քանի որ քաղաքային իշխանությունները փոխարինող ուսուցիչներ  էին  վարձել: