Ռեկորդային թվով փախստականներ են արտաքսվել Գերմանիայից

Դուբլինյան համաձայնագրի հետևանքները

Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով, Գերմանիայի համար դա ԵՄ սահմաններում տեղահանության երբեմնի առավելագույն չափն էր: Տեղահանվածների թվաքանակը զգալիորեն աճել է նաեւ 2017-ի համեմատ` 7102 մարդուց մինչեւ 8658 մարդ: 2018թ.-ին Գերմանիայում ապաստան խնդրող յուրաքանչյուր երրորդ պահանջն ընկավ Դուբլինյան Համաձայնագրի դրույթների ներքո, այսինքն, դիմումատուի պատասխանատվությունը հանձնվեց Եվրամիության մյուս անդամ պետությանը: Համաձայն այս համաձայնագրի, կոնկրետ անձին ապաստան տրամադրելու հարցով պետք է զբաղվի այն երկիրը, որտեղ այդ անձն առաջին անգամ գրանցվել է՝ Եվրոպա ժամանելուց հետո:

Անցյալ տարի գերմանական իշխանությունները չկարողացան որևէ միգրանտ ուղարկել Հունգարիա: Հունգարիայի վարչապետ, եվրոսկեպտիկ Վիկտոր Օրբանը բազմիցս քննադատության է ենթարկվել Եվրամիության կողմից` Դուբլինյան ​​համաձայնագրի բարեփոխմանը խոչընդոտելու եւ հակամիգրացիոն քաղաքականության համար: Միայն 5 հոգի է փոխանցվել Հունաստանին, որտեղ, ըստ գերմանական կառավարության, փախստականների փոխանցման վերաբերյալ դիմումների մեծամասնությունը մերժվում է անհիմն կերպով: Բուլղարիա միգրանտների տեղահանումը նույնպես բարդանում է մի շարք հանգամանքներով՝ արտահանձնման երեք դեպքերից երկուսի դեպքում` դատական կարգով կասեցվել է արտահանձնման գործընթացը: Մյուս կողմից էլ, 2018թ․-ին Իտալիային է փոխանցվել  Գերմանիայից ԵՄ այլ երկրներ արտաքսված յուրաքանչյուր երրորդ դիմումատուն:

Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները Գերմանիային են հանձնել 7205 միգրանտների, որոնց գրեթե կեսն արտաքսվել է հունական իշխանությունների կողմից:

2018 թվականի ամռանը Եվրամիության ղեկավարները պարտավորվեցին բարեփոխել Դուբլինյան համաձայնագիրը: Եվրոպական քաղաքական գործիչները բազմիցս նշել են, որ միգրացիոն ճգնաժամը խոչընդոտել է ներգաղթյալների տեղաբաշխման աշխատանքներին, եւ եվրոպական շատ երկրներ հրաժարվում են փախստականներ ընդունել: