Եգիպտոսը նոր մայրաքաղաք կկառուցի

Չինաստանն էլ վարկ կտրամադրի թեթև երկաթուղային համակարգի կառուցման համար

Չինաստանի EximBank-ը 1,2 մլրդ դոլարանոց գործարք է կնքել Եգիպտոսի հետ, ինչի շրջանակում համաձայնել է ֆինանսավորել երկրի նոր մայրաքաղաքի թեթև երկաթուղային համակարգի կառուցումը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, գումարը տրամադրվելու է վարկով, որը պետք է մարվի հինգ տարվա ընթացքում:
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆատը մանրամասնել է, որ 461 մլն դոլարը կուղղվի ենթակառուցվածքին, իսկ 739 մլն դոլարը՝ գնացքներին:
Նախատեսվում է, որ թեթև երկաթուղային համակարգը կառուցվելու է երկու տարում: Վաթսունութ կիլոմետր երկարությամբ համակարգը Կահիրեն կապելու է նոր վարչական մայրաքաղաքին:
Եգիպտոսի իշխանությունները նոր մայրաքաղաք կառուցելու մասին հայտարարել էին 2015թ.: 
Քաղաքային շինարարության նախարար Մուստաֆա Մադբուլին պատմել էր, որ նոր մայրաքաղաքը լինելու է Սինգապուրի չափ: Այնտեղ կտեղափոխվեն բոլոր նախարարությունները, դեսպանատները:
Նոր մայրաքաղաք կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կահիրեի գերբնակեցվածությամբ: Նոր քաղաքը նախատեսված կլինի 5 մլն բնակչի համար: