Կապանում, Իջևանում և Ստեփանավանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Մանրամասներ

ա

Հայաստանի 3 քաղաքներում այսօր` նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ 

Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում։

Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Իշխող ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, 38-ամյա Արթուր Ճաղարյանը, որը ծնունդով Իջեւանից է։ Նա այդ պաշտոնում է նշանակվել է 2021թ.-ի ապրիլի 8-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արթուր Ճաղարյանը ՔՊ կուսակցության անդամ է։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն Իջեւանում առաջադրել է ավագանու 56 թեկնածու, նրանցից 19-ը կին է։ ՔՊ-ի ավագանու երկրորդ համարը  Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, ցուցակում են նաեւ ավագանու գործող անդամներ, Իջեւան խոշորացված համայնքին մաս կազմող  համայնքների ղեկավարներ։ Նրանք են՝ Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան,  Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ եւ Վազաշեն համայնքների ղեկավարները։

ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա Վահան Ղազումյանը։ Նա ծնունդով Իջեւանից է, 2018-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց։ Ղազումյանը ՀՅԴ անդամ է։

Դաշնակցությունն առաջադրել է ավագանու 14 թեկնածու, որոնցից 5-ը կին է։ Ավագանու թեկնածուների ցանկում են Իջեւանի ավագանու գործող անդամներ, կրթական եւ բանկային ոլորտի աշխատողներ, անհատ ձեռներեցներ։

Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է, բայց աշխատանքային գործունեությունն այդքան էլ հարուստ չէ. 2017-2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատուի պաշտոնում, 2019-2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնականի եւ 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոններում։

ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։ Ցանկում են մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, բանկային եւ այլ ոլորտի մասնագետներ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության  ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ 2018թ-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը վայելում էր ժողովրդի մեծ մասի վստահությունը, Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։

«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը,  համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։

Ստեփանավանում ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ԲՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որը ԲՀԿ անդամ է։ Նա 2017-2020 թթ-ին եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Ստեփանավան» տեղամասի պետը։ Ղարագոզյանը Ստեփանավանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահն է։ ԲՀԿ–ն Ստեփանավանում առաջադրել է ավագանու 17 թեկնածու, որոնցից 5-ը կին է։

«Հայ ազգային կոնգրեսի» ավագանու ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, որը ՀԱԿ անդամ է։ Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: ՀԱԿ առաջադրված ավագանու թեկնածուները 16-ն է, որոնցից 6-ը՝ կին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու առաջին համարը Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որը  ՔՊ-անդամ է։ Արմեն Գրիգորյանը 2012-2020 թթ.  աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ։  ՔՊ ավագանու առաջադրած թեկնածուները 30-ն են, որոնցից 9-ը՝ կին։

Լերմոնտովո համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն մեծամասնական կարգով, ինքնառաջադրվել է երկու թեկանծու։ Մեկը համայնքի գործող ղեկավարն է՝ 64-ամյա անկուսակցական Էդիկ Չախալյանը,  մյուսը՝ Անտառաշեն համայնքի ղեկավար, 67-ամյա անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը։
Կոտայքի ասորական Արզնի համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունն է։ Առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից 8-ին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մյուս 6 թեկնածուներն ինքնաառաջադրվել են։ ՔՊ թեկնածուներն են՝ Օնիկ Գևորգյան, Պոլինա Իվանովա, Տոմա Իվանովա, Սուրեն Միխայիլով, Վոլոդյա Խոջոյան, Զայիլ Նադոյան,  Դավիթ Վանյան, Վլադիմիր Սարկիսով: Ինքնաառաջադրվել են՝ Սուսաննա  Ալեքսանովան, Միտյա Բաբախանովը, Ռադիկ Բենիամինովը, Արտաշես Լալայանը, Արտյոմ Յակոբուվը և Վասիլիյ Յակոբուվը։