Ադրբեջանը վերադառնում է ԵԱՀԿ Մինսկի խումբ. Մոսկվան և Բաքուն համաձայնության չեն եկել

Մանրամասներ

ա

«Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին վերադառնալու համար մի շարք պատճառներ կարող է ունենալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս կովկասագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման հնարավորություններին։

Նոյեմբերի 10-ին Փարիզում կայացել էր ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո նախարարների մակարդակով հետպատերազմյան երկրորդ հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։

  • Քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

  • Ընդգծվել էր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

  • Արձանագրվել էր համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։

  • Առաջնահերթ էր համարվել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը շեշտել էր հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ժան-Իվ Լե Դրիանը, Ֆլորանս Փարլին և Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն 2+2 ձևաչափով հանդիպմանը «մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ կողմերից մեկի՝ Ադրբեջանի օրակարգը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում փոխվել է, և Ադրբեջանն  այլևս չի պահանջելու տարածքներ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ադրբեջանն արմատական դիրքորոշում ունի մյուս բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կարող են լինել ԵԱՀԿ ՄԽ օրակարգում։

«Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ Ադրբեջանը վերադառնում է միջազգային օրակարգ Մոսկվայի միջնորդությանը զուգահեռ՝ եռակողմ աշխատանքներին զուգահեռ։ Սա նշանակում է, որ այս քայլն ունի որոշակի բացատրություն և միայն աշխարհաքաղաքական ճնշումների հետևանք չէ։ Ադրբեջանը խնդիր ունի ՌԴ-ի հետ խաղաղապահ մանդատի հարցի շուրջ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ դեմ է, քանի որ համարում է այդ տարածքն իրենը, և ոչ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող գոտի։ Ադրբեջանը ցանկանում էր արագ լուծումներ, որոնք չստացվեցին։ Մեկ տարվա ընթացքում կարծես այս հարցը չլուծվեց, Մոսկվա-Բաքու համաձայնություն չեղավ, դիվանագիտական հողի վրա թե Մոսկվան, թե Բաքուն համաձայնում են վերադառնալ միջազգայնացված կարգավորման գործընթացի, սա կարող է լինել նաև Մոսկվա-Բաքու անհամաձայնությունների հետևանք։ Բացի այդ, այսօր կարծես ակտիվ է Ֆրանսիան, որին ՌԴ-ն դեմ չէ և կարծես նույնիսկ առաջ է մղում Ֆրանսիայի միջնորդական ջանքերը, բարձրացնելով ԵԱՀԿ ՄԽ գործընթացում Ֆրանսիայի հեղինակությունը։ Բնականաբար, Ֆրանսիայի հետ ներկայումս ավելի հարմար է աշխատել, քան ԱՄՆ-ի, որը ևս համանախագահ երկիր է։ Սա Ռուսաստանի համար մեղմացնում է հնարավոր բոլոր ռիսկերը։

Բայց ՄԽ գործընթացին վերադառնալը նշանակում է՝ պատրաստվել երկարատև գործընթացի, որում յուրաքանչյուրն իր նպատակներն է ունենալու՝ ՌԴ-ն՝ պահպանելու իր ներկայությունը գոնե մինչև սահմանված ժամանակահատված, կամ դրա շուրջ պայմանավորվելու Ֆրանսիայի հետ, Ադրբեջանը՝ փորձելու է պայքարել այդ մանդատի դեմ ոչ ուղիղ կերպով, Հայաստանը՝ կարգավիճակի համար։ Սրանք այն նպատակներն են, որոնք էլ կլինեն կարգավորման գործընթացում»,- ասաց Մալաշենկոն։

Նա ուշադրություն հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ ռուս-ֆրանսիական բանակցություններն այս հարցով նաև ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև են եղել, ինչը կարևոր հանգամանք համարեց։