Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղ ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են: Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»,- գրել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել է, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված։ Կանցլերը նաև ընդգծել է, որ այս միջադեպը հետաքննվում է «շատ ուշադիր, ինտենսիվ և արագ»։
Ուրբաթ՝ մարտի 1-ին, «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակել է գերմանացի սպաների զրույցի ամբողջական տեքստը. զինվորականները քննարկել են, թե ինչպես են նրանք «ռմբակոծելու Ղրիմի կամուրջ»։
Զրույցին, որը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և վարժանքների բաժնի ղեկավար Ֆրենկ Գրեյֆը, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոստեդտը։
Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն առաջարկել են ամբողջ գործողությունը բաժանել փուլերի և պլանավորման հարցում դիմել Մեծ Բրիտանիային։ Սպաներից մեկն ասել է նաև, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռները, եթե օգտագործվի ֆրանսիական Rafale կործանիչը։
Բացի այդ, զրույցի ընթացքում գերմանացի զինվորականները փորձել են գտնել կամուրջի վրա հարձակվելու միջոց՝ չդարձնելով Գերմանիան հակամարտության կողմ։ Տարբերակներից մեկը ուկրաինացիներին պատրաստելն է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջում Գերմանիայից։
0Comments