Սոչիում սպանված հումորիստ Ամիրան Գեւորգյանի վեճը ծանոթի հետ սկսվել է նրա մորը վիրավորելու պատճառով

Մանրամասներ
Ամիրան Գեւորգյան

Հայտնի են դարձել 31-ամյա հումորիստ Ամիրան Գեւորգյանի եւ նրա 32-ամյա ծանոթի՝ Սոչիի փառատոնի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները։ Այս մասին տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Ականատեսների պատմածներով՝ վեճն սկսվել է հյուրանոցային բարոմ։ Երգիծաբանն ու նրա վրա հարձակվողը նստած էին նույն ընկերախմբում եւ խմում էին։ Ինչ-որ պահի տեղի է ունեցել վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ժամանակ փառատոնի պահպանության ծառայությունը տղամարդկանց դուրս է բերել փողոց, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Հարձակվողի ընկերներն ասել են, որ հումորիստը վիրավորել է նրա մորը եւ իրեն վատ է պահել։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հունվարի 18-ի առավոտյան հումորիստը կռվել էր դաղստանցի մի տղամարդու հետ հյուրանոցի մոտ։ Վերջինը տապալել էր տուժածին, եւ նա գլխով հարվածվել էր աստիճանին՝ գիտակցությունը կորցնելով։ Կանչով եկած շտապօգնության բժիշկներին ասել էին, որ տղամարդն ինքն է ընկել երկու մետր բարձրությունից։ Ավելի ուշ բացահայտվել է վնասվածքների իսկական պատճառը։

Տուժածն ունեցել է գանգի հիմնամասի կոտրվածք, բաց գանգուղեղային վնասվածք, ծանր աստիճանի գլխուղեղի վնասվածք եւ էպիդուրալ հեմատոմաներ։ Նա ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց հայտնի է դարձել, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։