Նոբելյան դափնեկիրը զրկվել է պատվավոր կոչումներից

Պատճառը հնչեցրած ռասիստական արտահայտություններն են

Ամերիկյան Cold Spring Harbor լաբորատորիան Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել է պատվավոր կոչումներից: Նման արարքի պատճառն այն է, որ գիտնականը տարբեր ռասաների ներկայացուցիչների անհավասար մտավոր կարողությունների մասին արտահայտություններ է արել:
Իննսունամյա Ուոթսոնի ռասիստական արտահայտությունները հնչել են PBS հեռուստաալիքի վավերագրական ֆիլմերից մեկում, գրում է newsday.com-ը:
«Դոկտոր Ուոթսոնի արտահայտությունները քննադատության են արժանի, հաստատված չեն գիտության կողմից ու որևէ կերպ չեն արտահայտում լաբորատորիայի, դրա հոգաբարձուների, դասախոսների, աշխատակիցների ու ուսանողների հայացքները»,-հայտնել են Cold Spring Harbor-ից:
Այժմ գիտնականը զրկվել է պատվավոր հոգաբարձուի, Օլիվեր Գրեյսի անվան վաստակավոր պրոֆեսորի կոչումներից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2007թ. ևս Ուոթսոնը խնդիրներ էր ունեցել լաբորատորիայի հետ՝ հայտարարելով, որ Աֆրիկայի բնակիչների մտավոր կարողությունները չեն համապատասխանում իրենց մտավոր կարողություններին:
Ջեյմս Ուոթսոնը համարվում է ժամանակակից կենսաբանության և գենետիկայի հիմնադիրներից: 1962թ. նա իր գործընկերների հետ Նոբելյան մրցանակի է արժանացել ԴՆԹ մոլեկուլի կառուցվածքի բացահայտման համար: