Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում բողոքի ակցիա անցկացվեց

Բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք պատասխանատու չենք

Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը Գյումրիում՝ Շիրակացի փողոցում, տեղի ունեցավ բողոքի ակցիա: Ըստ մասնակիցների՝ ակցիան ռուսական ռազմաբազայի զինծառայողների շարունակվող հանցագործությունների դեմ է:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք պատասխանատու չենք» հայերեն ու ռուսերեն գրված պաստառներով էին եկել:

Նրանք պահանջագիր ներկայացրին ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանություններին: Ակցիայի մասնակիցների շարքերում էր նաև «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:  Նա հիշեցրեց, որ պահանջագիր ներկայացվել է դեռ 4 տարի առաջ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, որն արդեն ներկայացնում են վերամշակված տարբերակով: Լևոն Բարսեղյանն ասաց, որ պահանջագրի վերջում առաջարկություններ կան՝ ուղղված ժողովրդին:  

Նա ասաց, որ պահանջագրի մեջ ՀՀ իշխանություններից պահանջվում է Ջուլիետա Ղուկասյանի ծեծի ու սպանության գործով մեղադրյալի և հնարավոր այլ մեղադրյալների նկատմամբ բարեխիղճ քննություն անցկացնելու համար:

Պահանջագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ, որը հրապարակվել է asparez.am կայքում:

«1.Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային և գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում և այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման և վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:

2.Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն և զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման և ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական և խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչև բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:

3.ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում (Զին ավան՝ «8-րդ» թաղամաս, Գյումրի, և այլն) հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):

4.Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլևայլ մեխանիզմների մասին և վերամշակել այս և այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:

ՌԴ իշխանություններից.

1.Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության և սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները և լուծել դրանք:

2.Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել և ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները և անցակետերը, իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչև զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

3.Ուսուցողական ջանքեր ներդնել զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին և երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են:

4.Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու և հնարավոր վնասները կանխելու համար:

Այս պահանջները չեն կարող ամբողջական և կատարյալ համարվել, սակայն անգործությունը և նախկին պրակտիկայի պահպանումը հանգեցնելու է նորանոր խնդիրների և վնասների:

Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ և ՌԴ իշխանությունները ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, հանրությանը կոչ ենք անում զգոն լինել, ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսևորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ, ուշադիր լինել հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված, բոլոր կասկածելի դեպքերում ահազանգել իրավապահներին: Ինքնապաշտպանության նպատակով բոլոր հնարավոր դեպքերում՝ զինվել օրինական զենքով, ջանքեր ներդրել տան կամ կացարանի պաշտպանության համար, ամրացնել մուտքերը, դռները, ցանկապատները, կողպեքները և փականները, ճաղապատել պատուհանները, գիշերային լուսավորությամբ կահավորել միջանցքները, շքամուտքերը, անցումները, ազդանշանային և տեսահսկող համակարգերով կահավորել»: