Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում հունվարի 10-ին կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը,-հայտնում է NEWS.am կայքը:
Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:
Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է:
Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` ՖՄԿ Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ:
Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես Գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ միասին սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար:
0Comments