Ford-ը մտադիր է դադարեցնել Եվրոպայում որոշ արտադրամասերի աշխատանքը

Հազարավոր աշխատատեղեր կկրճատվեն

Ամերիկյան Ford Motor Co. մեքենաշինական ընկերությունը մտադիր է Եվրոպայում բիզնեսի վերակազմավորման շրջանակներում հազարավոր աշխատատեղեր կրճատել, գրում է korrespondent.net-ը: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ford-ը մտադիր է հասնել աշխատուժի համար նախատեսված ծախսերի առավելագույն նվազեցման Եվրոպայում աշխատակիցների ինքնակամ հեռացման միջոցով»:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում Ford-ն ունի շուրջ 54 հազար աշխատակից, որոնց մեծ մասն աշխատում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում: Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան ընդգրկող տարածաշրջանում ընկերության բիզնեսը ղեկավարող Սթիվեն Արմսթրոնգը չի նշել, թե քանի աշխատակից կարող է լքել ընկերությունը, սակայն ընդգծել է, որ խոսքը հազարավոր աշխատատեղերի մասին է:
Սակայն աշխատատեղերի կրճատումը միակ քայլը չէ, որ ընկերությունը ձեռնարկելու է Եվրոպայում բիզնեսի վերակազմավորման շրջանակներում: Արմսթրոնգի խոսքով՝ ընկերության ղեկավարությունը դիտարկում է բոլոր տարբերակները, այդ թվում՝ արտադրամասերի աշխատանքի դադարեցումը: