Tesla-ն դադարեցնում է ամենաէժան էլեկտրական մեքենաների արտադրությունը

Պատճառը դեռևս անհայտ է

Հունվարի 14-ից Tesla ընկերությունը կդադարեցնի էլեկտրական մեքենաների շարքում ամենաէժան, 75 կՎՏ ժամ մարտկոցով Model S-ի եւ Model X-ի արտադրությունը: Այս մասին թվիթերի էջում գրել է ընկերության տնօրեն Իլոն Մասկը, գրում է Gazeta-ն:

«Երկուշաբթիից սկսած՝ Tesla-ն 75 կՎՏ ժամով S եւ X մոդելների պատվեր այլեւս չի ընդունի: Եթե դուք հավանում եք այդ տարբերակը, խնդրում ենք, մինչեւ կիրակի երեկո պատվիրեք», -գրել է Մասկը:

75 կՎՏ ժամ մարտկոցով Model S-ի արժեքը սկսվում է 66 հազար դոլարից, իսկ Model X-ի՝   72 հազար դոլարից: Այժմ 100 կՎՏ ժամով «S» մոդելի դեպքում պետք  է առնվազն 84 հազար դոլար, իսկ «X»-ի համար 87 հազար դոլար վճարել:

Թե որն է ամենաէժան մոդելների արտադրության դադարեցման պատճառը, չի հաղորդվում: