2019 թվական. Հայաստանի տարերային դեգերումները

Շռայլ խոստումները սահուն ու հետևողականորեն դուրս են մղվում քաղաքական օրակարգից


Երկիրը մտել է ալեկոծումների պերմանենտ փուլ. իրարամերժ քայլերն արտաքին քաղաքականության ոլորտում հանգեցրել են լուրջ հետևանքների՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ռազմավարական համարում ունեցող գործընկեր երկրների հետ հարաբերություններում:

Բանակցային գործընթացն ակտիվ չէ. հայտարարում է իշխանությունը, մինչդեռ հարևան պետությունում ակնհայտ ոգևորության կա Ալիևի ու Մամեդյարովի հրապարակային տարբեր հայտարարություններում:

Զուգընթաց Բոլթոնի ակտիվ ներկայությունը տարածաշրջանում, ոչ անհայտ այցը Հայաստան ու մտահոգիչ անթաքույց մեսիջները հայերի կողմնորոշումների մասին, տեղիք են տալիս տարատեսակ հետևությունների, որոնց չեղարկման ուղղությամբ որևէ հստակություն պաշտոնական մակարդակով չի մտցվում:

Փորձագիտական պնդումներ են շրջանառվում, ըստ որոնց՝ բանակցությունները վարվում են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով ու Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա օրակարգում, ինչպես նաև չկա ռուս խաղաղապահների հարցը: Ըստ որոշ տեսակետների, Կրեմլն ունի փոխզիջումային իր սցենարը, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մտնում է, ինչը հիմա ոչ մի կերպ չի ընդունում Ադրբեջանը, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներով ընդունել էր: Ալիևի համար ընդունելի չէ կարգավիճակի հարցի արծարծումն ընդհանրապես, և նա դեմ է ռուս խաղաղապահներին, քանի որ Ղարաբաղն ամբողջությամբ է տեսնում իր կազմում: Որպես եզրահանգում թերևս մնում է կարծել, որ հենց Բոլթոնի տեսլականն է ոգևորել Ադրբեջանին և, ամենայն հավանականությամբ, դա էր պատճառը, որ Ռուսաստանից Հայաստանին պաշտոնապես ամերիկյան ճնշումներին դիմադրելու անթաքույց կոչ հնչեցվեց, ինչին հետևեց պատասխան, սակայն ոչ թե Փաշինյանի, այլ նրա թիմակցի մակարդակով: Հարազատ Ֆեյսբուքում «ուշագրավ» գրառում կատարեց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը.

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»: Մեկնաբանություններն ավելորդ են...

Այսպիսով, 2019-ը մեկնարկել է քաղաքական անհավասարակշիռ իրավիճակում՝ որպես հետևանք արձանագրելով նաև տնտեսական լուրջ մարտահրավերներ: Հակասական տեղեկատվություն է շրջանառվում պաշտոնական և փորձագիտական շրջանակներից՝ պայմանավորված գազի գնագոյացման, սպառողի համար այն չբարձրացնելուն ուղղված բանակցությունների մասին: Հստակություն չկա՝ ո՞վ է, ի վերջո, սակագնի աճի կոմպենսացման հասցեատերը: Կարծում եմ՝ դեռ ոչ ոք չի մոռացել «թավշյա» հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հայտնի խոստումը. վերացնել անխնա թալանը, որ դրսևորվում է գազը սահմանից սպառողին հասցնելու արանքում, ինչից հետո գազի գինն ավտոմատ կիջնի:

Ի՞նչ ունենք արդյունքում. արդեն վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբին որպես ձեռքբերում ներկայացնում է գազի գործող գնի պահպանումը հասարակ սպառողի համար: Դա դեռ մի կողմ՝ հոդաբաշխ չի էլ բացատրվում, թե ինչի՞ և, ամենակարևորը, ո՞ւմ հաշվին է սահմանին փաստացի թանկացած գազը պահպանելու նախկին սակագինը, ինչքա՞ն է տևելու այդ կոմպենսացիան, ու ինչքա՞ն է բավարարելու «Գազպրոմ Արմենիայի» կամ պետության սուղ ռեսուրսը այդ կոմպենսացիան սպասարկելու համար: Նաև տրամաբանական հարց չի ծագում՝ հիմա թալան կա՞, թե՞ չկա, եթե չկա, ապա հետևությունը թող անի հասարակ քաղաքացին, ով փողոց է փակել ու հեղափոխություն  արել, իսկ եթե կա, ապա ինչի համար են բանակցությունները, հետագա տարիների համար նոր ռազմավարության մշակման քայլերը:

Մի խոսքով, հստակություն պետք է լինի, թե չէ տրամաբանական հարցերի շարքը գնալով երկարում է, իսկ ամեն մի քայլի մասին հաշվետու լինելու շռայլ խոստումները սահուն ու հետևողականորեն դուրս են մղվում քաղաքական օրակարգից: