Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ և՛ նախորդ իշխանությունները, և՛ ներկաները, ինչպես շատ հարցերում, այնպես էլ միգրացիայի ոլորտում հստակ քաղաքականություն չունեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել՝ խոսելով վերջին շրջանում քննարկման առարկա դարձած հնդիկների՝ դեպի Հայաստան ներհոսքի աճի մասին:
«Եթե առաջ նման խնդիրները ցայտուն չէին երևում, ապա այսօր նկատելի է՝ նման խնդիրներ կան, և այդ թեմաները և՛ մամուլում, և սոցցանցերում հիմնականում կոռեկտ չեն քննարկվում: Հիմա քննարկումները գնում են լրիվ այլ հարթություն, օրինակ` միգրանտները լա՞վն են, թե՞՝ վատը, միգրանտների նկատմամբ խտրական վերաբերմունքը լա՞վ է, թե՞ վատ է: Շատ դեստրուկտիվ քննարկում է դառնում»,- ասել է նա՝ նկատելով, որ մի կողմից՝ ռասիստական, նացիոնալիստական, մյուս կողմից` դեմագոգիկ հայտարարությունների ականատեսն ենք դառնում:
Միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրը, ըստ Ստեփան Դանիելյանի, իհարկե գոյություն ունի և գոյություն ունի աշխարհի շատ երկրներում: «Միգրացիոն հոսքերը վերահսկելն այնքան էլ կապված չեն նացիոնալիզմի, խտրականության հետ: Ցանկացած պետություն պետք է ունենա համապատասխան միգրացիոն քաղաքականություն, թե որքան միգրանտներ կարող է ընդունել, որ երկրի միգրանտները ինչ խնդիրներ կարող են առաջացնել ընդունող երկրի համար, որքան պետք է լինի միգրանտների առավելագույն քանակը, ինչ մասնագիտացմամբ միգրանտներ է նպատակահարմար ընդունել, արդյոք աշխատանքի խնդիրներ կան, և դրանք միգրանտները կարող են անել և այլն»,- ասել է նա:
Նրա նկատառմամբ՝ միգրացիոն քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնել, որ ունենք մեզ թշնամաբար տրամադրված երկրներ, որոնք կարող են մասնակցություն ունենալ դեպի Հայաստան եկող միգրացիոն հոսքերի կազմակերպման գործընթացում:
«Դա էլ ազգային անվտանգության խնդիր է: Մենք գործ ունենք բազմաթիվ խնդիրների կծիկի հետ, որոնց լուծման համար պետք է ունենալ շատ հստակ պետական քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի երկրի զարգացման, ազգային անվտանգության խնդիրների և այլնի վրա»:
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ մասնավորապես հնդիկների ներհոսքի աճը անհանգստանալու առիթ կարող է լինել, և չպետք է խնդիրը համարել ռասիստական կամ նացիոնալիստական:
«Մենք գործ ունենք մեկուկես միլիարդանոց երկրի հետ, որի դեպքում բնակչության մեծ արտահոսքեր են լինում, Հայաստանի նման երկրի համար ինչ-որ խնդիրներ կարող են առաջացնել: Եվ այստեղ հարցն այն չէ, որ նրանք լավ կամ վատ մարդիկ են: Բացի այդ, շատերի մոտ հնդիկների մասին կարծիքը ձևավորվել է սերիալներից, որ նրանք բոլորը նույն տեսակի մարդիկ են: Բայց դա այդպես չէ, այնտեղ տարբեր, հարյուրավոր կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ են՝ սկսած բարձր կրթական ցենզ ունեցողներից, տարբեր ոլորտներում որակյալ մասնագետներից, գիտնականներից, վերջացրած մարդակեր ցեղերով: Ինչու՞ եմ նման բան ասում, որովհետև պետք է հասկանալ, որ այնտեղ ապրող 1.5 միլիարդ բնակչությունը շատ տարբեր ներկայացուցիչներից է կազմված»,- ասել է նա:
Այս համատեքստում է, որ Ստեփան Դանիելյանի նկատառմամբ, հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը ուսումնասիրո՞ւմ է, թե Հնդկաստանի որ մասերից է դեպի Հայաստան ներհոսք լինում և լինելու:
«Ամեն ինչը պետք է կառավարելի և վերահսկելի լինի: Եվ պետք է մեկ անգամ էլ նշել, որ դա բացարձակապես կապ չունի ռասիզմի հետ: ԱՄՆ-ը էլ է պատ կառուցում Մեքսիկայի հետ սահմանին, և դա չի նշանակում, որ այդ երկիրը ռասիստ է, պարզապես ազգային անվտանգության խնդիր է. դա պետք է կառավարելի լինի»:
Եղած քննարկումներին և քննադատություններին ուղղված ՀՀ նոր իշխանությունների պատասխանը, ըստ Ստեփան Դանիելյանի` մեկ անգամ ևս փաստում է, որ իշխանության եկած քաղաքական ուժը դեռևս կուսակցություն չի դարձել, դեռևս հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն է վարելու, դեռևս իրենցից կախում ունեցող քաղաքական մարդիկ որքանով քաղաքական գիտելիքներ և պատկերացումներ ունեն: Երբ իրենց հարց են տալիս, ստիպված ինչ-որ բան պատասխանում են, բայց մեզ դա չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի, թե կա՞ արդյոք կոնկրետ մշակված քաղաքականություն, կամ եթե չկա, արդյոք հիմա ինչ-որ թվային և որակական տվյալներ մշակվո՞ւմ են»:
Հիշեցնենք, որ օրերս Change.org կայքում փակվել է հնդիկների և պակիստանցիների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը, որը դեմ էր նրանց` դեպի ՀՀ մուտքի ազատ վիզային ռեժիմին:
Միգրացիոն ծառայության հաղորդած տվյալները ներկայացնում ենք ստորև.
«Այսպես, 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք - 3951, ելք – 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 4148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը` 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237, ելքերը` 9122, տարբերությունը` 1115։
0Comments