Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին Ռոհանին խոսել է կիրակի՝ ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերով համակարգման կենտրոնակայանում: Վերջինս նշել է, որ «թշնամին ձախողել է իր տնտեսական պատերազմն ընդդեմ Իրանի և ընդունել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ է եղել»:
«Տնտեսական պատերազմում թշնամու պարտությամբ և պատժամիջոցների չեղարկման մոտալուտ հեռանկարով՝ հաշվի առնելով վերջին բանակցությունները, հույս է առաջանում, որ երկրի տնտեսությունը կվերադառնա 2014-2017 թվականների մակարդակին և կընթանա ծաղկման ուղղությամբ»,- ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցային ցանկերից մի շարք ֆիզիկական անձանց և ընկերությունների անուներ բացառել:
0Comments