ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանցիները հիմա էլ կրակում են Հայաստանի սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի ուղղությամբ

Մանրամասներ

Ադրբեջանցիները հիմա էլ կրակում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո սահմանամերձ դարձած Շիկահող գյուղում կրակոցներ պարբերաբար են լսվում: 168.am-ի հետ զրույցում հաստատեց Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը 

«Անկանոն կրակոցներ են լինում, գյուղամեջից լսվում է, հատկապես երեկոյան, գիշերվա ժամերին, որը բավականին ազդում է մարդկանց վրա, վախենում են, խնդիրներ են առաջանում, մարդիկ սկսել են զգուշանալ իրենց երեխաների համար:

Այսօր էլ եմ ներկայացրել համայնքապետարանին, որ այս անկանոն և անկայուն վիճակի պատճառով արդեն երեխաների ծնողները, տատիկ-պապիկները չեն ցանկանում, որ երեխաները գյուղ գան: Մենք չգիտենք՝ ինչի՞ սպասել, և ի՞նչ է լինելու, շատ անորոշ վիճակ է, որը շարունակվում է, չգիտենք, թե մինչև ե՞րբ»,- ասաց Ղազարյանը:

Գյուղապետի պնդմամբ՝ Սյունիքի մարզը գրեթե մենակ է մնացել իր խնդիրների հետ:

«Ստացվում է, որ ներկա պահին մեր խնդիրների մասին մտածում է միայն ՄԻՊ-ը և մենք՝ համայնքը, մարզը: Սահմանամերձ գյուղ ենք համարվում, պատերազմի դադարից մինչև այսօր չկա մեկը Կառավարության կողմից, որ այցելի, փորձեն ժողովրդի հետ խոսել: Ի վերջո, մարդիկ սթրես են ապրել 3 ամիս շարունակ, կարելի է ասել, որ շարունակում ենք նույն սթրեսներով ապրել, իհարկե, համեմատաբար լարված չէ իրավիճակը, ինչպես պատերազմի օրերին էր, բայց անորոշությունը շատ է՝ հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում, մի կողմից՝ ճանապարհի խնդիրն է, մյուս կողմից՝ սահմանին կանգնած թշնամու: Չկան, չեն գալիս, չեն խոսում ժողովրդի հետ, որ ժողովուրդն էլ հասկանա, որ անտեր չէ, իրենց մասին հետաքրքրվող կա, մեր մասին մտածող կա, խնդիրներին չեն ծանոթանում»,- ասաց Ղազարյանը:

Նա մանրամասնեց, որ  գյուղը զրկվել է եկամտի աղբյուրներից, հետևաբար՝ մարդիկ էլ՝ ֆինանսական միջոցներից:

Գյուղապետի խոսքով՝ Հայաստանի սահմանի Շիկահողի հատվածը դեռ շարունակում են հսկել ԵԿՄ անդամներն և հատուկջոկատայինները, կանոնավոր բանակ դեռ չի բերվել:

«Դեռ սահմանագիծն էլ հստակ չէ, մենք չգիտենք՝ վերջնակա՞ն է, թե՞ վերջնական չէ: Ոչ մի բանից տեղյակ չենք, այնքան որ, ամեն օր Աստծո հույսով ապրում ենք: Այս է իրավիճակը, ոչինչ կանխատեսել չենք կարող»,- ասաց Ղազարյանը: