2018 թվականի թավշյա իրողություններն Արցախյան ազատագրական պայքարից առավել կարևորող Սասուն Միքայելյանը, որն ավելի ուշ ստանձնեց նաև Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը, իր՝ «երկիրը պահողի» առաքելությանը հակասող հերթական հայտարարությունն է արել։
«Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու»,- «Եռաբլուրում», չկաշկանդվելով անգամ զինվորական պանթեոնում իր ներկայությունից, ասել է ԵԿՄ նախագահը։
Նա որպես պարզաբանում, իհարկե, հավելել է նաև փաշինյանիզմներ՝ 30 տարի չզինվելու, ալան-թալանի ու մնացածի մասին։
«Քսան տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված։ Գոնե մենք ունենանք մեր 28.943 քկմ տարածքը՝ որպես անկախ պետություն։ Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել»,- ասել է Սասուն Միքայելյանը։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ շեշտեց, որ Սասուն Միքայելյանի դեպքում այս հայտարարությունները սպասելի էին։
«Սասուն Միքայելյանի կողմից ադեկվատ են․ ինքն ուրիշ բան չի կարող ասել,- նկատեց ռազմական գործիչը, ապա անդրադառնալով հստակեցմանը՝ սա հարված չէ՞ սահմանը պահող զինվորի թիկունքին, արձագանքեց,- Ի՞նչ կապ ունեն Սասուն Միքայելյանն ու կռիվը, կամ բանակը»։
«Ֆորպոստ»-ի, «անկախ պետություն» չլինելու մասին ԵԿՄ նախագահի հայտարարություններին ի պատասխան էլ՝ Մովսես Հակոբյանը հակիրճ հավելեց․ «Ես անկախ պետությունում եմ ծառայել»։
Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը, ոչ ավել, ոչ պակաս, պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
0Comments