ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու եւ վնգստացողների հարցը լուծելու գրառման առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Դատախազություն, ճշտելու համար, թե արդյոք ուսումնասիրվում է գրառումը եւ հանցակազմ կա, թե ոչ: Ի պատասխան Գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ. Բաղդասարյանը գրավոր հայտնել է.«Հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ 2020թ. նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ գրառումներ էր արել.« Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»։
Գրառումը մամուլում եւ սոցիալական ցանցերում մեկնաբանվեց որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչ:
0Comments