Փարիզում աճուրդով վաճառքի կհանվի 364 կիլոգրամանոց երկնաքար
Մյուս լոտը լուսնային երկնաքարի կտորն է՝ 157 կիլոգրամ քաշով, որը հայտնաբերվել է ֆերմերի կողմից 1968-ին Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում։ Նրա արժեքը կկազմի 30-50 հազար եվրո
Ֆրանսիայում աճուրդի կհանվի Երկրի վրա ընկած տիեզերական օբյեկտների ամենամեծ հավաքածուն։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Փարիզում։ Այս մասին ասվում է Lucien աճուրդների տան կայքում, որը վաճառքի կազմակերպիչն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ապագա սակարկությունների գլխավոր ցուցանմուշը Մոն Դյո երկնաքարն է, որի քաշը 364 կիլոգրամ է։ Երկրի վրա այն ընկել է 19-րդ դարավերջին, ներկայում Ֆրանսիայի տարածքում գտնված մեծությամբ երրորդ երկնաքարն է։ Փորձագետների գնահատականներով՝ տիեզերական օբյեկտի արժեքը կազմում է 80-120 հազար եվրո։
Մյուս լոտը լուսնային երկնաքարի կտորն է՝ 157 կիլոգրամ քաշով, որը հայտնաբերվել է ֆերմերի կողմից 1968-ին Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում։ Նրա արժեքը կկազմի 30-50 հազար եվրո։
Սակարկություններին կներկայացվեն նաեւ NASA-ի լուսանկարներ, Le Parisien եւ France Soir թերթերի համարներ՝ նվիրված Apollo 11 առաքելությանը, Լուսնի պատկերով ծրարներ։ Մինչեւ աճուրդը բոլոր լոտերը երկու օր կցուցադրվեն «Դրուո» հյուրանոցում։
Ինչպես նշել են աճուրդների տանը, սակարկությունները կդառնան միջոցառման մի մասը, որը նվիրված է Լուսնի վրա մարդու առաջին հայտնվելու 50-ամյակին։ Apollo 11-ը Երկրի արբանյակի վրա վայրէջք է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին։ Աստղագնացներն էին՝ նավի հրամանատար Նիլ Արմսթրոնգը եւ լուսնային մոդուլի օդաչու Էդվին (Բազ) Օլդրինը։ Անձնակազմի երրորդ անդամը՝ Մայքլ Քոլինզը, մերձլուսնային ուղեծրում էր նավի հրամանատարական մոդուլով։
0Comments