Խաղող մթերող «Պռոշյան», «Արմենիա Վայն», «Վեդի Ալկո» ընկերությունները բառիս բուն իմաստով «քցում» են խաղողագործին: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի խաղողագործ Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա, խաղող վերամշակող ընկերություններն այս տարի կամ խաղող չեն մթերում, կամ մթերում են նախորդ տարվա գնից 50-60 տոկոսով պակաս:
«Անցած տարի խարջի տեսակի խաղողը մթերվել է 470 դրամով: Երկու օր առաջ Պռոշյանի գինու գործարանի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խաղողը մթերել 210 դրամով: Ստիպված խաղողը տալիս ենք, որ չփչանա, բայց մեզ ձեռնտու չէ այդ գնով խարջին իրացնել: Այս խաղողատեսակը և ծախսատար է, և մշակումն է դժվար: Հիմա այդ գնով տալիս ենք, սակայն հաջորդ տարի չենք տա, մեզ ձեռք չի տալիս այդ գնով խաղող հանձնելը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Խաղողագործի համար զարմանալի է, որ խաղող վերամշակող ընկերությունները նախ հայտարարում են, որ տեղ չունեն և խաղող չեն կարող մթերել, սակայն երբ խաղողի 1 կգ-ի գինը պայմանավորվում են 200 դրամով, պարզվում է, որ տեղ ունեն:
««Պռոշյանը», «Արմենիա Վայն»-ը նախկին իշխանությունից մնացած են և փորձում են ապակայունացնել խաղողի մթերման իրավիճակը: Ներկա պահին նրանք ամենամեծ մթերողներն են և խաղում են խաղողի մթերման գնի հետ»,- շեշտեց խաղողագործը:
Նա ելքը տեսնում է խաղող վերամշակող գործարններում վերահսկողություն սահմանելու մեջ. «Արենի տեսակի խաղողը բացի Վայոց Ձորի մարզից այլ վայրերում չի աճում: Արենիի ողջ բերքի 80 տոկոսն արտադրում է Աղավնաձոր համայնքը, սակայն Հայաստանում գործարաններ կան, որ Արենի տեսակը չեն մթերում, սակայն վաճառում են Արենի գինի»:
Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ եթե խաղողի 1 կգ-ն 60 տոկոսով պակաս են մթերում, քան 2018 թվականին, ապա կարող են Արենի գինու արժեքը 60 տոկոսով էժանացնել, որն իհարկե չեն անում. «Ինչո՞ւ է ինձանից գնում էժան, սակայն գինին վաճառում է նույն գնով՝ ինչ անցած տարի»:
Ինչ վերաբերում է Արենի տեսակի խաղողի գնին, ապա Տիգրան Խաչատրյանը հաղորդեց, որ 2018 թվականին Արենի տեսակն իրացվել է մեկ կգ-ն 250-300 դրամով, իսկ այս տարի «Արմենիա Վայնը» հաստատել է 250 դրամ:
«Խաղողն այս տարի 30-40 տոկոսով քիչ է, ցրտահարվել է, գործարաններն էլ խաղողը վերցնում են, սակայն գին չեն ասում: Աղավնաձորում մթերվել է 50-60 տոննա խաղող, սակայն ոչ մի գին չեն ասել: Ընկերություններն ասել են՝ վերջում ինչ գին է լինի՝ կվճարեն, որևէ խաղողագործի դեռ խաղողի դիմաց չեն վճարել»,- ասաց նա, հավելելով, որ հենց հիմա Իջևանի գինու գործարանի մեքենաները կանգնած են Աղավնաձորում, խաղող են վերցնում, առանց գին նշելու և վճարելու:
Խաղողագործը հավելեց նաև, որ մտադրություն չկա ճանապարհ փակելու, հույս ունեն, որ խաղողագործների դժգոհությունները կհասնի Նիկոլ Փաշինյանին և եթե մթերման խնդիրները չկարգավորվեն, որոշել է հաջորդ տարի այլևս խաղող չմշակել, այլ թութուն:
«Թութուն եմ ցանելու, թութունի գինը տարեց տարի բարձրանում է և միակ ոլորտն է, որը եկամուտ է բերում»,- շեշտեց նա:
Խաղողագործը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին չեն զեկուցել իրավիճակի մասին, նաև, որ ոլորտում բարձիթողի վիճակ է և վարչապետը տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվուոմ խաղողի մթերման հետ:
Հիշեցնենք, որ վերջին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղողի մթերման սեզոնը եզրափակման փուլում է և ոչ մի աղմուկ-աղաղակի վերաբերյալ տեղեկատվություն չկա:
0Comments