Թավշյա` սիրո ու «գեղեցկության» հեղափոխության երկրորդ փուլը, ժանրի կանոնների համաձայն, դաժան է ստացվում: Հեղափոխությունների երկրորդ փուլի հմայքը կա՛մ տարածքների կորուստն է, կա՛մ քաղաքացիական անվերջանալի բախումների դրսևորումը:
Որ սցենարով կզարգանան գործընթացները Հայաստանում, դժվար է ասել, այնուհանդերձ, անհանդուրժողականության, իրականում ռեպրեսիաների այն ծավալը, որը ձնագնդի թափ է հավաքում, արձանագրում է` բախումները սարերի հետևում չեն:
Ճնշումներն ու ռեպրեսիաներն ընթանում են բոլոր մակարդակներով. կառավարություն. տես հայտնի և սպասվող հրաժարականները. Ազգային ժողով. տես` ՍԴ-ի մասին հայտնի օրենքի նախագիծը. ՍԴ. տես` Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաները, առայժմ` սանիկների «տեսքով». քաղաքական, տես` անթիվ-անհամար «քրեական գործերը» նախկին իշխանությունների, Քոչարյանի կողմնակիցների նկատմամբ… Բոլորը չես թվի:
Պատճա՞ռը: Պահել սեփական վարկանիշը` օխլոսի աչքում: Անկեղծ լինենք` մինչ ուժայինների հրաժարականները, մինչ Ամուլսարը գործարկելու հրովարտակը, մինչ դեպ ՄԱԿ մոտ 400 հազար դոլարի չարտերային թռիչքը, մինչ կառավարական առանձնատան համար երկու միլիոն դոլարի հատկացումը, մինչ սեփական թիմում անհնազանդության դեպքի «լինչերը», մինչ այսօր սպասվող Վլադիմիր Պուտինի այցը, օրվա իշխողի վարկանիշը 47 տոկոս էր։ Այո՜, հայ հասարակությունը, ինչպես Աստվածաշունչն է ասում, տեսնելով չի տեսնում, լսելով չի լսում. դարեր շարունակ ընթացքում պետականության չգոյությունը խլացրել է զգայարանային արթնությունը հայոց մեջ:
Այնուհանդերձ, մեր տեղեկություններով` այս օրերին կրկին հարցումներ են անցկացվում` հասկանալու` ինչ «վիճակ» է, որովհետև իշխողի միակ ռեսուրսը հենց այդ վարկանիշն է, ու նրա իրական «հայրերը» (դրսի մոդերատորները) գրագետ աշխատանք են տանում, որպեսզի իրավիճակը պահեն իրենց վերահսկողության տակ` որևէ հետքայլ թույլ չտալու համար: Եվ դիտարկելով գլոբալ աշխարհի զարգացումները (Իրան, Հոնկոնգ, Եվրոպա, Ռուսաստան. Հարավային Կովկասում` Հայաստան)` իրենց գրանցած հաջողությունից մեկ միլիմետր չեն նահանջելու, որովհետև, որքան էլ ուժային մոտեցումների կորիֆեյ Բոլթոնը հեռացվեց պաշտոնից, այնուհանդերձ, այդ հեռացումը տեղի ունեցավ այն պահին, երբ Թրամփին հաջողվեց համոզել եվրոպական «Անտանտային»` Ֆրանսիա, Գերմանիա, իհարկե` Բրիտանիա, միանալ իր կոալիցիային` ընդդեմ Իրանի: Հակամարտության գիծը, Արևմուտք-ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի և Չինաստան-Ռուսաստան-Իրան կոնգլոմերատի, ավելի պարզորոշ է դառնում, ու որքան էլ պարադոքսալ թվա, փոքր Հայաստանի դերակարատումն այս «ջրբաժանի» հարցում ավելի է որոշակիանում:
Հայոց իշխանությունների հետ աշխատող «գունավոր» հայրերի մարտավարությունը նույնականորեն պատճենվում է օրվա իշխանությունների կողմից, ու դա է պատճառը այս ռեպրեսիաների, ցինիզմի, ինքնավստահության, որևէ բանի առջև չկանգնելու մարտավարության: Իրենք վստահ են, որ այս պահին իրենց դեմն առնող չկա, իրենց հետևում էլ առկա ինստիտուտները, որոնց քաղտեխնոլոգիաները գրեթե անվրեպ են աշխատում, դեռ երկար են ապահովելու այս անփառունակ, ազգադավ, պետականակործան, մարդատյաց գործունեությունը:
Ընդ որում, աբսուրդը հասել է այնտեղ, որ հեղափոխականները նեղ շրջանակում չեն էլ երկնչում այդ մասին բարձրաձայնել, այն է` բոլոր կարգի ռեյտինգային անկումները փոխհատուցելու են սպասվող ձերբակալություններով, և «որևէ մեկը չի կարողանալու Հայաստանում «բզբզալ»:
Ավաղ: Տեղյակ ենք` լավ էլ «բզբզոց» կա, առաջիկայում այն շատ հստակ կդրսևորվի: Սպասենք:
Արձանագրենք նաև, որ այսօր վճռական օր է ռեպրեսիաները որպես «ուղիղ ճանապարհ» ընտրածների համար. Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ երկրների ղեկավարների հավաք: Ռազմավարական դաշնակից երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի ժամանակացույցը (մոտ երեք ժամով գալ-մասնակցել-հեռանալ ֆորմատով) արդեն իսկ խոսուն վկայությունն է այն իրողության, որ իշխողների մոտ ամեն բան կարծածի չափ հարթ չէ (հաշվի առնենք նաև Լարսի փակ լինելը, «Ռուսական երկաթուղիների»` Հայաստանի հետ պայմանագրային պարտավորությունների դադարեցումը, գազի թանկացման «սպասումը», Վանեցյանին «ռուսական լրտես» հռչակելը ու այդպես շարունակ:
ՈՒ թե իսկապես` իշխանությունների «թաքուն» սատարմամբ կյանքի կոչվի Պուտինի դեմ քաղաքական բողոքի ակցիան, որին պետք է մասնակցեն նաև Վրաստանից Հայաստան եկած «գունավորները», խաղի «այլընտրանքային» ելքերի մասին կարելի է շատ ավելի վաղ խոսել` թե՛ ներքին, թե՛ արտաքին դրսևորումների առումով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
irates.am
0Comments