ՍԴ շուրջ սկսած գործընթացով իշխանություններն անցել են դատական համակարգի հնազանդեցմանը. պետությանը նահանջի տանող ճանապարհ է. ՀՅԴ ԳՄ անդամ

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը անդրդարձել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությանը

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնության մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Ըստ նրա՝ ՍԴ շուրջ սկսած գործընթացով իշխանություններն անցել են դատական համակարգի հնազանդեցմանը, ինչը պրիմիտիվ և պետությանը նահանջի տանող ճանապարհ է:

-Տիկի՛ն Գալստյան, Ազգային ժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն է սկսել, ի՞նչ եք կարծում, ինչու է ԱԺ-ն նման նախաձեռնություն սկսել, սա քաղաքական նախաձեռնությո՞ւն է:

-ԱԺ-ում ցանկացած գործընթաց ինքնին քաղաքական է: Եվ դրանք արտահայտում են օրվա իշխանության, տվյալ դեպքում «Իմ քայլ»-ի քաղաքական արժեքները, նպատակադրումները և համոզումները։

Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ և մեկնարկել է ամիսներ առաջ, անթաքույց քաղաքական է և պարզորոշ տեսանելի։ Գործադիրում և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ իշխանություններն անցել են իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության հնազանդեցմանը։ Սա ցանկալի որոշումներ կորզելու պրիմիտիվ և վտանգավոր ճանապարհն է, պետությանը նահանջի տանող ճանապարհը։

Ցավում եմ, որ ժողովրդավարության թոթով քայլեր անող մեր պետությունը որդեգրել է այս ուղին, ինչը չի տեղավորվում իրավական պետության և իշխանությունների ճյուղերի տարանջատման և փոխադարձ վերահսկելիության սկզբունքներում։

Սահմանադրական դատարանի լեգիտիմության աղբյուրը հենց Սահմանադրությունն է, սակայն իշխանությունը ցավալիորեն և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է նսեմացնել թե Սահմանադրությունը, թե դատական իշխանությունը։ Դժվար էր պատկերացնել, և նաև իմ ընկալումներում չի տեղավորվում, որ կարելի էր կասկածի տակ դնել բարձրագույն դատարանի որոշումը։ Սա չի տեղավորվում ժողովրդավարական, ինստիտուցիոնալ պետության բանաձևում։

Բայց նաև պիտի նշեմ, որ  ՍԴ դատավորի նկատմամբ կարգապահական հիմքով լիազորությունների դադարեցման ԱԺ գործառույթը իրավական գործընթացների շրջանակում է։

-Արդյո՞ք իշխանությունների հայտարարությունները, օրինակ՝ դատական համակարգը պետք է անկախ լինի, և սկսած գործողությունները ՍԴ նախագահի դեմ իրար չե՞ն հակասում:

-Իշխանության հռետորաբանությունն ու վարքագիծը միմյանց չեն համապատասխանում։ Այսպես ոչ ժողովրդավարական և ոչ էլ իրավական պետություն են կառուցում։ Արդեն ամիսներ առաջ դատարանները շրջափակելու գործադիրի ղեկավարի կոչը քաղաքական աբսուրդի ժանրից էր,  պետականությունը հետ տանող քայլ։ Սրան հաջորդած դատավորների ճնշումները, վախի և հաշվեհարդարի մթնոլորտը շարունակվում է։ Մեր տեղեկատվական հոսքերը,  քաղաքական խոսույթը լի է բռնության, ատելության, անհանդուրժողականության կոչով։ Այսպիսի մթնոլորտում չի կարող անաչառ և անկախ դատական համակարգ լինել։

Հիշե՛ք նաև այն վարույթները, որոնք նախաձեռնվեցին դատավորներ Գրիգորյանի կամ Ազարյանի անցանկալի վճիռներից հետո։ Այս ամենը շատ անթաքույց է, ակներև, այս մթնոլորտում ինչպես խոսես  իշխանության ճյուղերի տարանջատման և փոխադարձ վերահսկելիության կամ անկախ դատարանի մասին:

Դեռ երկու ամիս առաջ «Դաշնակցությունը» դատարանների շուրջ ստեղծված զարգացումների շուրջ քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ․ մեր անհանգստությունն արտահայտեցինք իրավական պետության համատեքստում անընդունելի  սահմանադրականության նորմերի խաթարման առթիվ, նաև դատական համակարգի  բարեփոխման հայեցակարգային դրույթներ առաջարկեցինք։ Բայց քաղաքական մեծամասնությունը լուռ է և խուլ, արձագանք չունեցանք։ Նրանք ամեն ինչ գիտեն․․․ և տեսնում ենք, թե ինչ ընթացք են որդեգրել․․․

-Սկսած արշավը ՍԴ ու ՍԴ նախագահի նկատմամբ՝ վերանալով անձանցից, արդյո՞ք վկայում է այն մասին, որ պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն իշխանություններին ոչ հաճո որոշումներ է կայացնում:

-Արդեն ասացի, որ այս ամենը խորը քաղաքական ենթատեքստ ունի։ «Իմ քայլից» եղան պատգամավորներ, որոնք անթաքույց և հրապարակային հայտարարություններ արեցին 90-ականների ոգով՝  «մեր դեմ խաղ չկա, կամ տղա չբերեիք․․․»։  Կանխատեսելի և կառավարելի դատական համակարգ կերտելու ճանապարհն է որդեգրվել, ակնհայտ է։

-Ի վերջո, մեր իշխանությունների այս քայլերը վկայո՞ւմ են այն մասին, որ նրանք իրոք ցանկանում են անկախ դատական համակարգ:

-Իհարկե՝ ոչ։ Շարունակում են նախկինների մերժելի վարքագիծը՝ քաղաքական հպատակության դաշտ բերել դատական իշխանությունը։ Հայտնի կոչը՝ « Ով է այն դատավորը, որ․․․» միթե մոռացել եք, այն ուժի մեջ է և դարձել է իշխանության դատական բարեփոխումների մոտիվացիա։

-Ձեր կարծիքով՝ նոր իշխանությունների օրոք, դատական համակարգը անկախաց՞ել է ինչ-որ չափով, թե՞ նոր իշխանությունները ձգտում են իրենց կցորդը դարձնել դատական իշխանությանը՝ հաշվի առնելով Ձեր կողմից էլ հիշատակած դատարանների շրջափակումը, որոշ դատավորների նկատմամբ ճնշումները, երբ ոչ իշխանահաճո որոշումներ են կայացրել:

-Իրականում դատական համակարգում լուրջ, խորքային բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Մեր հասարակությունը այլ սպասումներ ուներ, զարգացման ու հանրային համերաշխության. նրա ակնկալիքը չի սպասարկվում։

Հայեցակարգային, ծրագրային և երկիրը առաջ տանող քայլերի փոխարեն  վրեժխնդրության և ցնցումների տանող կոշտ, հասարակությունը բարոյալքող ճանապարհն է որդեգրվել։

Ինստիտուցիոնալ ժառանգության գնահատումն ու էվոլյուցիոն զարգացումը ժողովրդավարական երկրի նախընտրելի ուղին է։ Մենք ընտրել ենք մերժումը, հրեշայնացումն ու քանդելու ճանապարհը։