Ռուսաստանցիների գրեթե կեսն արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը

Սոցիոլոգ Կաինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ հաճախ են բախվում բռնությանը

Ռուսաստանցիների գրեթե կեսն (41%) արդարացնում է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի արարքը: Այս մասին հայտնի է դարձել «Լեւադա կենտրոն»-ի կողմից անցկացված հարցումից, հաղորդում է ՌԲԿ-ը:

Նշվում է, որ Խաչատուրյան քույրերի արարքը հիմնականում արդարացնում են կանայք: Հարցածների մոտ 30%-ը համաձայն չէ աղջիկներին պաշտպանողների հետ: Եվս մոտ 30%-ը չի կողմնորոշվել՝ ինչ պատասխանի: Սոցիոլոգ Կաինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ հաճախ են բախվում բռնությանը:

Հարցումը նաեւ բարձրացրել է ընտանեկան բռնության խնդիրը: Այդպիսով, հարցված կանանց շրջանում ընտանեկան բռնության մասին պատկերացման շրջանակներն ավելի լայն են եղել:

Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ: Հանցանքի պահին նրանք 17, 18 եւ 19 տարեկան էին:

Գործի հետաքննությունն ավարտվել է այս տարվա հունիսի վերջին: Աղջիկներին մեղադրում են նախնական դավադրությամբ սպանության մեջ: Նրանց հոր նկատմամբ քննիչները բռնության մասին քրեական գործ չեն հարուցել, սակայն օգոստոսի 20-ին քննությունը հաստատել է քույրերի նկատմամբ բռնության փաստերը: Չնայած դրան՝ «Տղամարդկանց պետություն» շարժման անդամները պահանջում են աղջիկների համար առավելագույն պատիժ սահմանել: