Սիլվա Հակոբյանը չի ստացել ՊԵԿ-ի գրությունը

Օրինական երկիր ենք ստեղծում, պետք է օրինական դաշտում աշխատենք, որ երկիրը երկիր դառնա

168 ժամը գրում է. Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) գրություն ստացած՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից է նաև Սիլվա Հակոբյանը, ով 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չի վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չի ներկայացել ու չի հայտարարագրել իր եկամուտները:

ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, և եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի խոսքով՝ կոմիտեն նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

Թերթը  կապ հաստատեց երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ: Մեր հարցին՝ ստացե՞լ է արդյոք ՊԵԿ-ի գրությունը՝ եկամուտների հայտարարագրման հետ կապված, երգչուհին պատասխանեց, որ ոչ, և խնդրեց հավելյալ հարցերի համար կապվել իր հայրիկի հետ, քանի որ ինքը չի խառնվում նմանատիպ հարցերին:

«Այդ բոլոր հարցերին հայրս ավելի հստակ կպատասխանի, որովհետև շատ բաներ կան, որից ես լավ տեղեկացված չեմ: Անկեղծ ասած, ես զբաղվում եմ իմ գործով, հիմա՝ նաև իմ բալիկով»,- պատասխանեց երգչուհին:


Մենք նաև կապ հաստատեցինք Սիլվա Հակոբյանի հոր՝ Հակոբ Հակոբյանի հետ:

Նա պատասխանեց, որ գրություն չի ստացել, բայց հեռուստատեսությամբ տեղեկացել են, որ իրենց անունն էլ են տվել, և հիմա զբաղվում են այդ գործընթացներով:

«Անհատ ձեռներեցություն (ԱՁ) ենք բացում Սիլվայի անունով ու օրինական մտնում ենք հարկային դաշտ: Օրինական երկիր ենք ստեղծում, պետք է օրինական դաշտում աշխատենք, որ երկիրը երկիր դառնա».- ամփոփեց Հակոբյանը: