Անթերի կերպար ստեղծելու համար դեկորատիվ կոսմետիկայի ճիշտ ընտրությունը շատ կարեւոր է: Այդ պատճառով NEWS.am STYLE-ն այս անգամ դիմել է դիմահարդար Գայանե Կիրակոսյանին՝ խնդրելով պատմել, թե ինչպես պետք է շրթներկի ճիշտ գույն ընտրել:
«Երբեմն կանանց համար դժվար է կողմնորոշվել շրթներկերի բազմազան երանգների հարցում, որ գոյություն ունի այսօր: Այդ պատճառով, ընտրելով որոշակի գույն, կանայք այն օգտագործում են անընդհատ եւ չեն ցանկանում փոխել: Բայց ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Պարզապես հարկավոր է իմանալ մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն շրթներկի կատարյալ գույն ընտրել:
Ընդունված է շրթներկի գույները բաժանել 3 տեսակի.
- տաք – դեղձագույն, մարջանագույն;
- սառը – վարդագույնի բոլոր երանգները;
- չեզոք – բեժ, շագանակագույն:
Մի մոռացեք, որ շրթներկ ընտրելիս կարեւոր է հաշվի առնել աչքերի, մաշկի, մազերի գույնը եւ շուրթերի չափը:
Եթե ձեր աչքերը մոխրագույն են, ապա ձեզ կսազեն բեժ երանգները, իսկ եթե երկնագույն, ուրեմն՝ վարդագույն կամ նույնիսկ բալագույն: Կանաչ աչքերի տիրուհիներին սազում են նարնջագույն երանգները: Խաժ աչքերով աղջիկները պետք է ընտրեն վառ կարմիր եւ նուրբ վարդագույն երանգները:
Ինչ վերաբերում է մաշկին. թուխ մաշկով աղջիկները կարող են իրենց թույլ տալ ընտրել շոկոլադե, բալի եւ կարմիր երանգները: Իսկ եթե մաշկը բաց է, ընտրություն կատարեք ավելի տաք երանգների՝ բաց վարդագույնի եւ մարջանագույնի միջեւ:
Չմոռանաք նաեւ վարսերի գույնի մասին: Եթե շիկահեր եք, ձեզ կսազեն վարդագույնի եւ մարջանագույնի երանգները: Շատ վառ գույներ քսելը ցանկալի չէ: Կարմրահերների շրթներկը պետք է լինի սալորագույն կամ մուգ կարմիր, հրաժարվեք նարնջագույնից եւ վարդագույնից: Թխահերներին խորհուրդ ենք տալիս շոկոլադի, մուգ կարմիրի եւ նույնիսկ նարնջագույնի երանգները: Իսկ շագանակագույն վարսերի տիրուհիներին սազում են գրեթե բոլոր գույները. ե՛ւ մուգ, ե՛ւ բաց, օրինակ՝ վարդագույն, կարմիր եւ այլն:
Ինչ վերաբերում է շուրթերի չափին. գաղտնիք չէ, որ բաց գույնի շրթներկը տեսողականորեն մեծացնում է շուրթերը, իսկ մուգը՝ փոքրացնում: Եթե ցանկանում եք մեծացնել շրթունքները, ապա նախապես դրանք ընդգծեք բաց գույնի մատիտով (շատ կարեւոր է, որպեսզի մատիտը շրթներկի գույնն ունենա) եւ դրանից հետո միայն շրթներկ քսեք: Իսկ եթե հարկավոր է փոքրացնել շուրթերը, անում ենք նույնը, բայց արդեն մուգ գույներով»:
0Comments