5 հետաքրքիր փաստ եղունգների մասին

Թե՛ եղունգները, թե՛ մազերը նույն սպիտակուցից են կազմված

Գիտե՞ք արդյոք՝ ինչ նյութերից են բաղկացած մեր եղունգները, որքան արագ են աճում կամ կարող են արդյոք «շնչել»:

NEWS.am Medicine-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ եղունգների մասին

  1. 100 օրում եղունգներն աճում են 1 սմ-ով

Եղունգներն օրական աճում են 0,1 մմ-ով: Դա նշանակում է, որ 100 օրում աճում են 1 սմ-ով: Ձեռքի մատների եղունգները լրիվ թարմանում են մոտ կես տարվա ընթացքում, իսկ ոտքի մատների եղունգները դանդաղ են աճում՝ 1,5 տարվա ընթացքում:

  1. Եղունգներն աճում են տարբեր արագությամբ

Եղունգների աճի արագությունը կախված է մի շարք գործոններից: Ամռանը եղունգներն ավելի արագ են աճում, ձմռանը՝ ավելի դանդաղ: Բացի այդ, համարվում է, որ երկար մատների վրա եղունգներն ավելի արագ են աճում, քան կարճ մատների վրա: Ամենից արագ աճում է միջնամատի եղունգը, ամենից դանդաղ՝ բութ մատի եղունգը: Ինչպես նաեւ համարվում է, որ ձախլիկների մոտ եղունգներն ավելի արագ աճում են ձախ ձեռքի մատների վրա, իսկ աջլիկների մոտ՝ աջ ձեռքի մատների վրա:

  1. Թե՛ եղունգները, թե՛ մազերը նույն սպիտակուցից են կազմված

Թե՛ մազերը, թե՛ եղունգները կերատինից են: Եղունգների հաստությունը կազմում է մոտ 0,3 մմ, դա կազմում է կերատինի մոտ 100-150 շերտը:  

Մազերում եւ եղունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ: Մարդկանց մոտ, որոնց ցիստեինի կոնցենտրացիան ավելի բարձր է, եղունգներն ավելի ամուր են:

Բացի ծծումբից, առողջ եղունգներում առկա են նաեւ կալցիում, քրոմ, ֆոսֆոր, սելեն եւ ցինկ: Իսկ կերատինի շերտերի միջեւ կան ճարպի եւ ջրի բարակ շերտեր, ոոնք եղունգին էլաստիկություն եւ փայլ են հաղորդում:

  1. Եղունգների շերտերը մեռած բջիջներ են

Եղունգների շերտերը կազմված են մեռած բջիջներից, քանի որ դրանք, չնայած տարածված միֆին, չեն կարող «շնչել»: Սակայն կուտիկուլներն ու եղունգի օթյակը կազմված են կենդանի բջիջներից, եւ դրանց թթվածին, վիտամինային եւ հանքային հավելումներ են անհրաժեշտ:

  1. Մատնահարդարումը հնագույն պրոցեդուրա է

Դեռեւս Հին Եգիպտոսում մարդիկ մատնահարդարում էին անում՝ դրանով ընդգծելով իրենց դասային պատկանելիությունը: Հին Հունաստանում եւ Հռոմում ստրուկներն ազնիվ տիկնանց օգնում էին լավ տեսք ունենալ եւ նրանց եղունգները խնամում էին կենդանական ճարպով:

Եղունգների ժամանակակից լաքի նախատիպը հայտնվել է Հին Չինաստանում: Այն պատրաստվում էր մանրացված հանքանյութերից, մոմից, ձվի դեղնուցից եւ գումիարաբիկից: