Վտանգավոր ինֆեկցիայի պատճառով կինը զրկվել է ոտքից եւ մատներից

2019 թվականի հունիսին եւս մեկ ռեցիդիվ է տեղի ունեցել, եւ բժիշկները ստիպված էին Ալիշայի աջ ոտքը մինչեւ ծունկն անդամահատել

ԱՄՆ Վիսքոնսին նահանգի Ռայս Լեյք քաղաքից 37-ամյա Ալիշա Քենենը վտանգավոր ինֆեկցիայի պատճառով զրկվել է աջ ոտքից եւ ձեռքերի ու ոտքերի մատներից:

Daily Mail-ը հայտնում է, որ 2015 թվականի հունիսին Ալիշան սայթաքել է շան վրա եւ ընկնելով՝ աջ ուսին քերծվածք է ստացել: Քերծվածքն այնքան էլ արագ չի անցել, ինչպես սովորաբար, ավելին՝ սուր ցավ է սկսվել թեւատակի տակ, եւ մի քանի օր հետո նա ստիպված էր հիվանդանոց դիմել:

Ամեն ժամ նրա վիճակը վատթարանում էր, սկսվել է ներքին արյունահոսություն, այնուհետեւ բազմաօրգանային անբավարարություն: Նա արյան փոխներարկման եւ հեմոդիալիզի անհրաժեշտություն ուներ:

Պարզվել է, որ տեղի ունեցողի պատճառը թունավարակային շոկն էր. կնոջ որդիները հիվանդ էին անգինայով՝ ինֆեկցիոն հիվանդություն, որն առաջացնում են ստերպտոկոկերը: Քերծվածքի միջոցով ստերպտոկոկերը հայտնվել էին նրա արյան մեջ, ինչը եւ բարդություններ էր առաջացրել:

Վերջույթներին արյան վատ մատակարարման պատճառով հյուսվածքները սկսել են մեռուկանալ, փտախտ է սկսվել: Ինֆեկցիայի տարածումը կանխելու համար բժիշկները ստիպված էին հատել պացիենտի ձեքերի մատները:

Ալիշան հիվանդանոցում է անցկացրել 2 ամիս եւ դուրս է գրվել 2015-ի օգոստոսին: Սակայն 4 ամիս հետո ինֆեկցիան կրկնվել է, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ փտախտը: Այս անգամ ստիպված էին հատել ոտքերի մատները:

2019 թվականի հունիսին եւս մեկ ռեցիդիվ է տեղի ունեցել, եւ բժիշկները ստիպված էին Ալիշայի աջ ոտքը մինչեւ ծունկն անդամահատել:

Բուժման դիմաց վճարելու համար Ալիշան 100 հազար դոլարի կարիք ունի, որը փորձում է հավաքել Facebook-ի եւ Gofundme-ի քրաուդֆանդինգային ծառայության միջոցով, գրում է med.news.am