Ամոթ և խղճահարություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ճանապարհը անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով, իսկ թեթև սիրտը նշանակում է՝ Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել. Ես սիրում Եմ ձեզ

Հիսուս

Օգոստոսի 19

Այո, Իմ որդիներ. «Պետք է պաշտպանվեք արհամարհանքներից և պիտի փակվեք հանդիմության առջև»: Երբեմն Ես պետք է պաշտպանեմ Իմ աշակերտներին՝ իրենց ամոթից և ինքնահանդիմանությունից:

Իմ խեղճ Պետրոսը այդպես էլ երբեք չէր կարողանա անել Իմ գործը կամ Ինձ համար ապրելու համարձակությունն ունենալ, եթե Ես չպահեի նրան Իմ սիրո ջերմությամբ: Ես պետք է պաշտպանեի նրան՝ ոչ թե Երկնային Հոր բարկությունից, որ համակ Սեր է, ոչ արհամարհանքից Իմ թշնամիների, ոչ զայրույթից Իմ բարեկամների՝ իր ուրացության համար, այլ նրան պետք է պաշտպանեի՝ իր անձի հանդեպ տածած իր ատելությունից:

Այսօր էլ, ինչպես այն ժամանակ, Իմ աշակերտներն իրենց տկար անձի հանդեպ ունենում են ամոթի, խղճահարության և արհամարհանքի թունավոր զգացումներ: Նրանք կարծում են՝ շատ հզոր ու քաջ են Ինձ ծառայելու համար. կյանքը երբեմն հակառակն է ապացուցում: Այս դեպքում է, որ Ես պետք է պաշտպանեմ նրանց Իմ Սիրո Վահանով, այլապես նրանք պայքարելու ու հաղթելու քաջություն երբեք չեն ունենա: Բայց որպեսզի իրենց իրական անձի հետ այդ դեմ առ դեմ հանդիպումը կայանա, պետք է գան ամոթն ու խղճահարությունը:

Սակայն այդ հանդիպումը տեղի է ունենում Կատարելություն տանող ճամփի վրա: Բայց այս պետք է լինի ժամանակավոր հանգրվան միայն: Ի՞նչ օգուտ թիթեռնիկին իր զվարթուն թևերը, եթե նա, իր զզվելի անցյալի մտածումների տակ կքած, հողին կառչած մնա: Ուստի Ես այսօր, ահա ասում եմ ձեր երկուսին, որ պետք չէ անգամ մի վայրկյան մնալ մտքով՝ անցյալի ձեր մեղքերի, սխալների, հանցանքների ու տգեղ սովորույթների վրա:

Դուք պետք է նմանվեք մրցասպարեզ ելած այն մարզիկին, ով վազքուղում ցած ընկնելով՝ իսկույն ոտքի է կանգնում ու սլանում դարձյալ իր նպատակակետը: Ի՞նչ օգուտ, եթե վազորդը կանգնի ու սկսի ուսումնասիրել իր ընկած տեղը, ափսոսանքով ծնկներին զարկի, լաց լինի՝ հետ ընկնելու համար, իր ձախողման և արգելքը չնկատելու՝ իր կարճատեսության համար:

Դուք այլևս հետ մի նայեք. այո, իբրև հրաման եմ տալիս ձեզ: Նոր սկիզբ ու նոր իմաստ տվեք ձեզ ու բոլոր նրանց, ում հանդիպում եք: Այլևս մի հիշեք ձեր կամ նրանց վրիպանքները: Անցյալի սխալները մտաբերելը՝ նշանակում է հանդիպել՝ ձեր լողալը արգելող ջրերի հորձանքի:

Երբ Ես Իմ աշակերտներին երկու-երկու առաքելության ուղարկեցի՝ առանց թղթերի, դրամի ու առանց երկու զգեստի, սա մի հրաման էր, որ պետք է գործադրվեր ոչ միայն բառացիորեն, այլ նաև բարոյապես: Կյանքի ճամփորդության ընթացքում դեն նետեք այն ամենը, որ կարևոր չէ: Մի կողմ թողնելով՝ անտես արեք բոլոր խոչընդոտները, անցյալի թերացումները, ձախողված լինելու զգացումը:

Ճանապարհը անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով, իսկ թեթև սիրտը նշանակում է՝ Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել: Ես սիրում Եմ ձեզ: