Վրեժխնդրությո՞ւն. ով է պայթյունից զոհվածը

1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել

Ֆեյսբուքյան օգտատեր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: «Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,- գրել է նա։ Նրա խոսքերով՝ իրավապահները զբաղվում են, նախնական տվյալներով՝ անասնագոմի դռանը պայթուցիկ է կապած եղել:

Նշենք, որ Սյունիքի մարզային քննչական վարչությանից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի, տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի՝ 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել, գրում է hayeli.am: