Բորիսպոլից բարձրաստիճան պաշտոնյա Յարոսլավ Գոդունոկը, որին նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս էր հրավիրել հուլիսի 10-ին կայացած հանդիպման ընթացքում, ուղիղ եթերի ժամանակ չէր կարողացել պատասխանել կողոպուտի գործով իր դատավճռի մասին հարցին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Սկանդալիային իրավիճակն առաջացել էր ZIK հեռուստաալիքի եթերում: Գոդունոկը զանգահարել է ստուդիա եւ փորձել մեկնաբանել մեղադրանքների շուրջ ստեղծված իրավիճակը, որոնք նրան առաջադրել էր նախագահը, գրում է news.am:
«Իմ նկատմամբ յուրաքանչյուր նախագահի օրոք (քանի որ պետք է իմանալ՝ ով է Գոդունոկը), բազմիցս հարուցվել են քրեական գործեր, քանի որ ես պաշտպանել եմ մարդկանց եւ պայքարել քրեական տարրերի դեմ»,-հայտարարել է նա: Պաշտոնյային ընդհատել էր ստուդիայում ներկա գտնված լրագրող Վլադիմիր Բոյկոն, որին Գոդունոկը լեզվակռվի ընթացքում անվանել էր Մեդվեդչուկի սադրիչ: Բոյկոյի խոսքով՝ նա դեռեւս 2008 թվականին էր հրապարակել Սվյատոշինսկի շրջանի դատարանի վճիռը, որով Գոդունոկը դատապարտվել էր կողոպուտի համար:
«Դատապարտվե՞լ եք արդյոք դուք Կեւում գեներալ Պոտապովի 1 հասցեի 25 բնակարանում տեղի ունեցած ավազակային հարձակման համար, որտեղ դուք հափշտակել էիք 300 գրիվնա, բջջային հեռախոս, 900 դոլար, եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման»,-հարցրել է Բոյկոն: Գոդունոկն այդպես էլ չի պատասխանել, քանի որ նրա հետ կապն ընդհատվել էր անհայտ պատճառով:
Հիշեցնենք, որ Կիեւի մարզի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին դուրս էր հրավիրել Բորիսպոլի պետխորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունոկին՝ հայտարարելով նրա դատվածության մասին եւ անվանելով նրան ավազակ: Ի սկզբանե պաշտոնյան հայտարարել էր Զելենսկուն դատի տալու իր մտադրության մասին, սակայն հետագայում հրաժարվել էր դատական հայց ներկայացնելուց, գրում է news.am:
0Comments