Պանիրը շատ համեղ ու օգտակար մթերք է, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քան նախկինում էր ենթադրվում:
Ինչպես գրում է Medikforum.ru կայքը՝ ELLE Australia ամսագրին հղումով՝ պանրի շատ տեսակներ պարունակում են սպերմիդին՝ նյութ, որի գործածությունը մասնագետների կարծիքով կարող է պաշտպանել մարդուն սրտանոթային հիվանդությունների զարգացումից:
Սակայն սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը պանրի միակ օգտակար հատկությունը չէ: Այն նաև զգալիորեն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու հարուստ է մեծ քանակությամբ կալցիումով: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ իր այս հատկությունների շնորհիվ պանրի գործածությունն օգնում է կանխարգելել շաքարային դիաբետը:
Սննդաբան Շարլոտա Ստիրլինգ-Ռիդի խոսքով՝ պանիրը պետք է առողջ սննդակարգի մասը կազմի և լինի միայն չափավոր քանակությամբ: «Պանիրը պարունակում է կալցիում, ցինկ և այլ կարևոր սննդարար նյութեր, սակայն այն նաև հարուստ է ճարպերով ու կալորիաներով, ուստի քաշի մասին հոգ տալու դեպքում պետք չէ չարաշահել այս մթերքը», - բացատրում է մասնագետը:
Սննդաբանը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ պանիրի այն տեսակներին, որոնք ունեն համեմատաբար ցածր յուղայնություն: Կարելի է ուտել կաթնաշոռ կամ պանրի սպիտակ տեսակներ, մոցարելա, ռիկոտա, այծի կաթով պատրաստված փափուկ պանիր և այլն, գրում է tert.am:
0Comments