Բնապահպաններն ավելի քան 40 տոննա աղբ են դուրս բերել Խաղաղ օվկիանոսից, հաղորդում է CNN-ը:
Ocean Voyages Institute ոչ առևտրային կազմակերպության անդամների խոսքով՝ սա Մեծ խաղաղօվկիանոսյան աղբավայրի (Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում աղբի կուտակում) «մինչ օրս իրականացրած ամենամասշտաբային և հաջող օվկիանոսային մաքրությունն» էր: Մեծ խաղաղօվկիանոսյան աղբավայրը գտնվում է Հավայան կղզիների և Կալիֆոռնիայի միջև և աղբի կուտակման ամենամեծ վայրն է:
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ անձնակազմը դուրս է բերել աղբը, ներառյալ՝ մաքրող միջոցներով շշեր, պլաստմասե իրեր և մանկական խաղալիքներ: Նրանք նաև հավաքել են ձկնորսական պարագաներ, մասնավորապես վիթխարի ուռկաններ, որոնցից մեկը կշռել է 5 տոննա, մյուները՝ 8, քանի որ դրանց մեջ կուտակված է եղել օվկիանոսի պլաստիկ աղբը:
«Ուռկանների դուրս բերումն օվկիանոսից շատ կարևոր է, քանի որ դրանք փաթաթվում են դելֆիններին և կետերին՝ դառնալով նրանց մահվան պատճառ»,- CNN-ի հետ զրույցում հայտնել է կազմակերպության նախագահ Մերի Քրոուլին:
Հավաքված պլաստիկի շուրջ 1,5 տոննան փոխանցվել է Հավայան համալսարանի արվեստի բաժնի շրջանավարտներին և կղզիների արվեստագետներին, որոնք մտադիր են պլաստիկը քանդակների և արվեստի այլ աշխատանքների վերածել: Պլաստիկ աղբի մյուս մասը կազմակերպության անդամները նախատեսում են փոխանցել Schnitzer Steel մետաղների վերամշակման ընկերությանը և ՀԷԿ-ին՝ այն էներգիայի վերածելու համար:
Սակայն 25 օր տևած աշխատանքները շատ քիչ են օվկիանոսն աղբից ամբողջապես մաքրելու համար: Ըստ տվյալների՝ ամեն տարի օվկիանոս է լցվում 1,15-ից մինչև 2,41 մլն տոննա աղբ:
«Այն, ինչ մենք արել ենք այնտեղ, խնդրի մասշտաբների համեմատ շատ քիչ է: Բայց աշխատանքները մասշտաբային էին և կարող են շարունակական լինել»,- ասել է նա:
0Comments